Հայաստանի արտգործնախարարԱրարատ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու հուլիսի 9-10-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
Վաշինգտոն էր հրավիրվել նաև Ադրբեջանը, սակայն մինչ այս պահը պարզ չէ՝ արդյոք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնե՞լ է ԱՄՆ։
Պաշտոնական Բաքուն դեռ լուռ է։ Այս անորոշության ֆոնին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Ազատությանը» փոխանցել է՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։