ԱՀ Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ի հատուկ նիստին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրեց Սամվել Շահրամանյանին։
ԱՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am-ին տեղեկացրեցին, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր, որոնցից 22-ը քվեարկել է կողմ, իսկ 1-ը՝ դեմ։
Սամվել Շահրամանյանը նախագահի միակ թեկնածուն էր, քանի որ «Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահի թեկնածության առաջադրման մասին դիմումն ու դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձվել էին:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումն ԱԺ էր ներկայացրել սեպտեմբերի 1-ին։ Մինչ այդ նրա հրամանով պաշտոնից ազատվել էր ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ինչից հետո այդ պաշտոնին նշանակվել էր Սամվել Շահրամանյանը։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին․
«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով»: