ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ:
«Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը: Այս իրադարձությունը շրջադարձային էր և՛ մշակութային, և՛ հանրային, և՛ քաղաքական, և՛, ընդհանրապես, հասարակության կենցաղի ու առօրյայի հետ առնչվող բոլոր ոլորտների տեսանկյունից:
Հեռուստատեսությունն ինքնին նորանոր հորիզոններ էր բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր ուղղությունների համար, և ավելին՝ հենց ինքն էլ հավակնում էր դառնալ արվեստի յուրովի տարատեսակ:
Հայկական հեռուստատեսության կայացման ուղին՝ անցած շուրջ 7 տասնամյակի ընթացքում, լեցուն է եղել վերելքներով, ձեռքբերումներով և, իհարկե, դժվարություններով, որոնց հաղթահարումը դարձել է մի նոր նվաճում:
Հայկական հեռուստատեսությունը երբեք անմասն չի մնացել հայաստանյան հասարակությանը հուզող խնդիրներին, մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու պատրաստակամությունից, իհարկե, անցնելով նաև քաղաքական ու գաղափարախոսական գրաքննության ու կաղապարների բովով: Միևնույն ժամանակ հեռուստատեսությունը ձգտել է հավատարիմ մնալ արվեստն ու մշակույթը հանրահռչակելու, կրթելու և սովորեցնելու իր կոչմանը:
Այսօր գրեթե անհնար է պատկերացնել, թե ինչպիսի խիզախություն էր հայկական հեռուստաընկերության կողմից 1988 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանն ուղիղ հեռարձակելու որոշումը:
Ոչ պակաս դժվարին է գնահատել, թե ինչպիսի մշակութային նշանակալի իրադարձություն էր 1983 թվականին «Անուշ» ֆիլմ-օպերայի եթերում հայտնվելը, կամ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը, որի գեղարվեստական ղեկավարն էր Օհան Դուրյանը:
Մենք շատ երկար կարող ենք թվարկել հայկական հեռուստատեսության կայացման հանգրվաններն ու նվաճումները, բայց ամենակարևորը մենք պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնած են եղել այդ ձեռքբերումների ու զարգացման հիմքում:
Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն»,- ասված է ուղերձում: