Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ:
Արցախի նախագահի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը:
Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը: