Կառավարությունն ինչ ծրագիր էլ իրագործի, տնտեսական ինչ բանաձև էլ ներդնի, որևէ բանաձևի իրագործում հնարավոր չէ, եթե չկա անկախ դատական համակարգ, եթե չկա դատական այնպիսի համակարգ, որը վստահություն է ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի, որ ինքը պոտենցիալ ռիսկերը կարող է կառավարել, որոնք կարող են ի հայտ գալ գործընկերության հարաբերությունների շրջանում, որովհետև մենք ներդրումների մասին ենք խոսում, մարդը ե՞րբ է ներդրում անում որևէ տեղ, երբ ինքը հաշվարկում է իր ռիսկերը և համարում է, որ այդ ռիսկերը կառավարելի են. Հայաստանի դատական իշխանության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Փաշինյանը:
«Որոշակի հակասություններ և հակադրություններ, տարընթերցումներ և տարակածություններ ունենալը հնարավոր գործընկերների հետ այն ամենաանկախատեսելի և մեծ ռիսկերից է, որը կարող է գոյություն ունենալ տնտեսական գործունեության բնագավառում: Ո՞ր դեպքում մարդը կասի՝ ես վերցնում եմ այդ ռիսկը և այս ներդրումն անում եմ, այս գործը ձեռնարկում եմ, եթե նա համոզմունք ունենա, որ եթե խնդիրները ծագեն՝ կա տեղ, որ ինքը կգնա և այդ խնդիրը կլուծի, եթե ինքը գործել է կանոններով և եթե իր դեմ գործել են կանոններով»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե չկա այս համոզմունքը՝ ներդրումներ և տնտեսական զարգացում տեղի չի ունենա և հակառակը՝ Հայաստանից ռեսուրսները կհոսեն այլ տեղեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ չի ասում, որ սա Հայաստանի զարգացման միակ գործոնն է, բայց սա Հայաստանի զարգացման անկյունաքարային գործոններից մեկն է և այն ըմբռնումը, որ Հայաստանում զարգացման առանցքային նախապայմաններից մեկն անկախ դատական համակարգն է` Կառավարության շրջանում, ըստ էության, գենետիկ մակարդակի ճշմարտություն է, անառարկելի ճշմարտություն է: