Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյան

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում:

Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին:

Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- ասել է Պապիկյանը:

Նշենք, որ  Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։

Այնուհետև տեղի է ունեցել պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։