Հարցաթերթիկների վերջին տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը եւ հաջողության շանս ունի արդեն առաջին փուլում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Նախարարը չի նշել, սակայն, թե ինչ հետազոտական կենտրոններ են ներկայացրել այդ տվյալները։
Թուրքիայի գործող նախագահի եւ ընդդիմության միակ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ տարբերությունը կազմում է մոտ երկու տոկոս, վկայում է ապրիլի սկզբին Optimar հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումը՝ մոտ 5 հազար մարդու մասնակցությամբ, ավելի վաղ տեղեկացրել էր Hürriyet թերթը։ «Նախագահական ընտրություններում ո՞ւմ օգտին եք քվեարկելու» հարցին հարցվողների 45,9 տոկոսը պատասխանել էր՝ «Էրդողանի», նրանց բաժինը, ովքեր նշել էին Քըլըչդարօղլուի անունը, կազմում է 43,9 տոկոս։
«Այսօր, Աստծո օգնությամբ, մենք (նկատի ունի կառավարող Արդարություն եւ զարգացում (АK Parti) կուսակցությունը), հաղթանակ ենք տանում նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Մեկուկես բալ բարձր 50 տոկոսից (նկատի ունի Էրդողանին տրվելիք ձայները՝ ըստ վերջին հարցումների տվյալների)։ Սա ասում եմ շատ հստակ։ Մենք կարող ենք քայլեր ձեռնարկել, որոնք կարող են այս տարբերությունը հասցնել շատ ավելի լավ կետի, մենք մեր արշավը կանցկացնենք այդ կերպ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Hürriyet թերթը։
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին։