Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Կամյուին: Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարարությունը։
«Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ոլորտներում առաջացած հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։
Ժան-Իվ Կամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել Փարիզի քաղաքապետի դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և առանց որևէ նախապայմանի։
Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախի հարցում մշտապես դրսևորվող համարձակ ու ազնիվ դիրքորոշման համար։
Կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև Ֆրանսիայի շրջանների և քաղաքների կողմից Արցախ հումանիտար բեռ ուղարկելու ծրագրերը»,- ասված է հաղորդագրության մեջ։