Հ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը, միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Հայաստանը, Երևանն այս տարի դարձել են բռնցքամարտի համաշխարհային կենտրոններից մեկը: Մայիս ամսին մենք հյուրընկալել էինք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը, կարծում եմ, մեր գործընկերները կհիշեն դեռ երկար տարիներ: Այսօր էլ հյուրընկալում ենք Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը: Ողջունում եմ կոնգրեսի մասնակիցներին և մաղթում եմ արդյունավետ աշխատանք: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կյանքում սա կարևոր իրադարձություն է: Ըստ էության, Երևանում նաև որոշվում է, թե Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և համաշխարհային բռնցքամարտն ինչ զարգացում են ունենալու առաջիկա տարիներին: Մենք պատրաստ ենք համագործակցել ֆեդերացիայի հետ նաև առաջիկա տարիներին:
ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Եվ, ի վերջո, պետք է խոստովանենք, որ սպորտը նաև խաղաղություն է բերում աշխարհին: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ բազմաթիվ կոչեր են հնչում և հենց այդ օրերին ամբողջ աշխարհում խաղաղություն է հաստատվում: Ես ցանկանում եմ, որ միջազգային մարզական միջոցառումներն այնքան շատ լինեն, որ ամբողջ աշխարհում մշտապես խաղաղություն հաստատվի»:
Կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ավելի քան 170 երկրի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր դեմքեր: Կոնգրեսի օրակարգի առանցքային թեման IBA-ի նախագահի նոր ընտրությունների անցկացումն է: