Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն՝ անդրադառնալով՝ բրիտանական Times-ի հրապարակած այն տեղեկատվությանը, թե Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ։
«Հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ:
Բրիտանական պարբերականի կողմից տարածված այս տեղեկությունը հերքեց նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
«Ներքին գործերի նախարարությունը՝ մասնավորապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նման տեսակի բանակցությունների մեջ ներգրավված չէ և չի էլ եղել»,-ընդգծեց Նելլի Դավթյանը՝ հստակեցնելով, որ իրենց օրակարգում նման հարց չկա։
«The Times»-ը ապրիլի 15-ին հոդված է հրապարակել՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով: Հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածության սխեմայով անօրինական միգրանտներին արտաքսելու շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ:
Հրապարակման տրամաբանությունն այն է, որ Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, օրինակ` Ադրբեջանի, էական առաջընթաց է գրանցել մարդու իրավունքների ոլորտում, և ապօրինի ներգաղթյալների վերադարձը Հայաստան չի սպառնա նրանց անվտանգությանը և չի ոտնահարի նրանց իրավունքները: Հրապարակման մեջ ասվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակը բրիտանական իշխանություններին ստիպում է հետապնդման չենթարկել Ադրբեջանից ապօրինի ներգաղթած անձանց։
2023 թվականի մարտին Մեծ Բրիտանիան և Ռուանդան ստորագրել են միգրացիոն համաձայնագրի թարմացված տարբերակ, որի համաձայն՝ Միացյալ Թագավորություն ապօրինի ժամանած միգրանտները կարող են արտաքսվել աֆրիկյան երկիր՝ առանց բրիտանական իշխանություններից ապաստան խնդրելու իրավունքի, թեև ավելի վաղ նրանք կարող էին մնալ Բրիտանիայում այնքան ժամանակ, քանի դեռ ընթանում էր նրանց ապաստանի հարցման քննարկումը: