Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման կապակցությամբ․
Մարտի 22-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Սա մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման արդեն երրորդ դեպքն է։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով կրակ էր բացվել Մարտունու շրջանի Ամարասի հովտին հարակից խաղողի այգիներում աշխատող գյուղացիների, իսկ մարտի 19-ին՝ Թաղավարդ գյուղի վարչական տարածքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու վրա։
Ակնհայտ է, որ վերջին շրջանում հաճախակի դարձած նմանօրինակ հարձակումներն Ադրբեջանի երկարամյա և հետևողական քաղաքականության մաս են կազմում և ուղղված են Արցախում կյանքի անտանելի պայմանների ստեղծմանը, երկրի տնտեսությանը վնասելուն և արցախահայության վրա հոգեբանական ճնշում գործադրելուն: Հենց այդ քաղաքականության շրջանակներում, արդեն ավելի քան 100 օր է Արցախը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված շրջափակման մեջ, որի արդյունքում նվազագույնի է հասցվել հանրապետություն սննդամթերքի, դեղորայքի և կենսական նշանակության այլ ապրանքների ներմուծումը, խախտված են Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի, պատշաճ բժշկական օգնության, կրթության և այլ հիմնարար իրավունքները։ Ավելին, ադրբեջանական կողմը պարբերաբար արգելափակում է Արցախի գազամատակարարումը, խոչընդոտում Հայաստանից եկող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարի վերացման աշխատանքները՝ Արցախի ժողովրդին զրկելով կենցաղային տարրական պայմաններից։ Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակի պայմաններում այսպես կոչված «էկոակտիվիստների» ցույցերն ուղեկցվում են երաժշտությամբ, պարերով, հրավառությամբ, ալկոհոլով և խնջույքներով, որոնք ատելության խրախճանք են հիշեցնում՝ ի նշանավորումն Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական և անմարդկային շրջափակման և 120 հազար մարդկանց տառապանքների։
Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորմամբ ադրբեջանական կողմը փորձում է թույլ չտալ արցախցիներին գոնե ինչ-որ չափով մեղմել շրջափակման հետևանքով առաջացած սննդի պակասի լուրջ խնդիրները։
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից, ինչպիսին էր մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը, որի ժամանակ սպանվեց ԱՀ ոստիկանության 3 աշխատակից, մեկը՝ ծանր վիրավորվեց։ Պարբերաբար հնչեցվում են ակնհայտ ազգայնական, հայատյաց և անմարդկային կոչեր թե՛ երկրի բարձրագույն ղեկավարության, թե՛ հասարակ քաղաքացիների կողմից։ Վերջին նման օրինակն օրերս ադրբեջանական մեդիադաշտում լայնորեն տարածված տեսանյութն է, որում Լաչինի միջանցքն արգելափակած «բնապահպաններից» մեկը Ադրբեջանի թողտվությամբ բառացիորեն սպառնում է Նովրուզի տոնի առթիվ հայ մորթել։
Պետական մակարդակով Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության ֆոնին անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ապահովմանը և Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունների կանխարգելմանը։
Համոզված ենք, որ Արցախի ժողովրդին էթնիկ զտումից և ցեղասպանությունից փրկելու լավագույն և արդյունավետ միջոցը նրա ինքնորոշման իրավունքի ճանաչումն է և դրա ամրագրումը որպես հակամարտության կարգավորման հիմք»։