«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովում երեկ կայացած Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա։
Armlur.am-ը գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դռնփակ նիստ է անցկացնում Ազգային ժողովում։ Գրել էինք, որ նիստի հիմնական թեման խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի եւ նրանց օգնականների նախաձեռնությունն է:
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից:
Նրանք պահանջում են պարգևավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգևավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են:
Եւ ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի ղեկավարի վրա: Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց առջեւ խնդիր էին դրել ամեն գնով ստանալ այդ պարգևավճարները, հակառակ դեպքում պայման էին դրել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր թիմով պետք է հեռանա աշխատանքից:
Եվ ահա, որոշում է կայացվել, որ պարգևավճար չի լինի, իսկ Վահան Նարիբեկյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին: Նա առաջիկա օրերին կներկայացնի աշխատանքից ազատման դիմում»: