«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը չի շփվում կուսակցության լայն շերտերի հետ, հուլիսից սկսած՝ հաշված հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ: Նախընտրական քարոզարշավն ու ԱԺ նիստերը չհաշված, ընդամենը մեկ հանդիպում՝ Արցախի կորստից հետո, հիմնականում նեղ կազմի հետ է հանդիպում եւ քննարկում հարցերը, նրանց միջոցով էլ շարքայիններին է փոխանցում ասելիքը։
Մինչդեռ Արցախի հանձնումից առաջ ամենշաբաթյա ռեժիմով «Նախաձեռնող խմբի նիստեր» ֆորմատով հանդիպում էր կուսակցության տարբեր շերտերի հետ, քննարկում ամենատարբեր հարցեր, հիմնականում՝ արտաքին քաղաքականությանը եւ Արցախին վերաբերող։ Այդ հանդիպումներին մասնակցող շարքային կուսակցականներն էլ նախապես հերթագրվում էին եւ գալիս կուսակցության կենտրոնական գրասենյակ, որի մոտակա փողոցով այդ օրերին անցնել հնարավոր չէր:
Կուսակցության աղբյուրներն ասում են, որ, ըստ էության, առաջնորդը ՔՊ-ի ներսում էլ էր դրանով «նախապատրաստում» նման հանգուցալուծում: Այսպես ասած՝ կուսակիցների գլուխները լվանում, որ ներքին ընդվզում չլինի, եւ սրանք տեղերում էլ աշխատանքներ տանեն:
Հիմա, երբ խնդիրը «լուծված» է, այլեւս կուսակիցների հետ հանդիպելու անհրաժեշտություն չկա։ Չնայած դրան՝ մեր աղբյուրը վստահեցնում է, որ առաջիկայում ինչ-որ ձեւաչափով վերսկսվելու են կուսակցական հավաքները, որովհետեւ շատ լավ հասկանում են, որ հանրային այս հանդարտությունը միայն թվացյալ է` դժգոհություններն ավելի քան կուտակվում են եւ մի օր պայթելու են»: