ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանն իրեն վերագրվող արարքը չի ընդունում. Նրան ձերբակալելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է պաշտպան Սերգեյ Ոսկանյանից։
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը երեկ հայտարարել էր՝ իր հոր առևանգման գործի շրջանակներում ձերբակալվել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և ևս երկու անձ:
Քոքոբելյանի հրապարակմանը հաջորդել է ՀՅԴ հայտարարությունը, համաձայն որի՝ Սուրեն Մանուկյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե, որպես տուժող քննչական գործողության մասնակցելու համար։ Ճանապարհին, այսօրվա իրավապահ մարմիններին բնորոշ բեմականացմամբ, բռնության գործադրմամբ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել է՝ անձի առևանգման կասկածանքով։
«Սուրեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները, ֆիզիկական խոշտանգումները, առանց հիմքի բնակարանի խուզարկումը, վարկաբեկման փորձերը սկիզբ են առել դեռևս ամիսներ առաջ»,- նշել են ՀՅԴ-ից՝ արձանագրելով նաև, որ մերժելի են համարել անձի անմեղության կանխավարկածի ոտնահարումը, «90-ականների գործելակերպը կրկնող՝ ընդդիմության վարկաբեկման ու դաշնակցականների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելու վարչախմբի հանցավոր գործելակերպը»:
Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ Մանուկյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, Մանուկյանը ձերբակալվել է՝ խմբի կազմում անձի առևանգման կասկածանքով, բնականաբար իրեն վերագրվող արարքը չի ընդունում։ Փաստաբանը հայտնեց, որ արդեն իսկ պատրաստվում է ձերբակալման որոշման դեմ բողոքը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի նաև կալանավորման միջնորդություն։
Ինչ վերաբերում է Մանուկյանի մասնակցությամբ իրականացվող գործողություններին, պաշտպանը հայտնեց, որ Մանուկյանն ունի ընդամենը ձերբակալվածի կարգավիճակ, ձերբակալվածի հարցաքննությունից, օգտվելով իրավունքներից, առայժմ հրաժարվել են, հետագայում անհրաժեշտության դեպքում մանրամասն ցուցմունք կտան։
«Որպես այդպիսին՝ տուժողի մասնակցությամբ կամ նրա հետ որևէ քննչական գործողություն դեռևս չի կատարվել։ Կատարվել են այլ գործողություններ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, որոնք այս պահին մեզ հասանելի չեն։ Երբ փաթեթը կուղարկվի դատարան, կստանանք նյութերը և հնարավորություն կունենանք ավելի մեծ ծավալի ինֆորմացիայի ծանոթանալու, հասկանալու՝ ինչ է հավաքվել ընդհանրապես, որն է դրանցից ճիշտ»,-նշել է փաստաբանը։
Ինչ վերաբերում է ձերբակալման հիմքերին, ապա փաստաբանը տեղեկացրեց, որ որպես ձերբակալման նպատակ վարույթն իրականացնող մարմինը մատնանշել է փախուստը կանխելը, մինչդեռ, մեկ այլ քրեական գործով Սուրեն Մանուկյանն ունի տուժողի կարգավիճակ, ծանուցում էր ստացել՝ մեկ այլ քննիչի մոտ տուժողի կարգավիճակով հարցաքննվելու համար։ Ընդ որում, Սուրեն Մանուկյանի՝ որպես տուժողի հարցաքննության ժամը գրեթե համապատասխանել է ձերբակալմանը, այսինքն, Սուրեն Մանուկյանն արդեն ՔԿ էր գնում՝ մեկ այլ քննիչի մոտ հարցաքննության։
«Այդ պարագայում աբսուրդ է դառնում, երբ Սուրեն Մանուկյանն ինքը գալիս է ՔԿ՝ մեկ այլ քրեական գործով որպես տուժող հարցաքննելու և իրեն ճանապարհին ուղղակի ուժ գործադրելով արգելանքի են վերցնում և խոսել փախուստի մասին՝ աբսուրդ է, նման բան չի լինի»,- նշեց Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է բերման ենթարկելու ընթացքում իրավապահների կողմից ուժի գործադրմանը, հարցին՝ արդյոք բռնության հետքեր, վնասվածքներ կան, պաշտպանը նշեց, որ առանձնապես բռնության հետքեր չեն հայտնաբերվել, ֆիզիկապես առողջ է, ուղղակի ուժ է գործադրվել նրա նկատմամբ։
«Այսինքն՝ այն մեքենայով, որով Սուրեն Մանուկյանն ուղևորվելիս է եղել ՔԿ, այդ մեքենան կանգնեցվել է և դիմակավորված աշխատակիցների կողմից, դիմակավորված աշխատակիցների կողմից ուժով իջեցվել է մեքենայից, պառկեցվել գետնին, հետո՝ ձեռնաշղթաներ են հագցրել և տեղափոխել ՔԿ։ Այլ վնասվածքներ մարմնի զննությամբ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք լինել՝ ոչ իրավաչափ գործողությունների համար հաղորդում ներկայացնելու համար»,- նշեց պաշտպանը։
Հարցին՝ քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է, թե ոչ, Ոսկանյանն առայժմ զերծ մնաց այդ հարցին պատասխանելուց, քանի որ այս պահին նման տեղեկատվության չի տիրապետում, ենթադրություններ չի ցանկանում կատարել։