Դեկտեմբերի 19-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մայսուրաձեն։
Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը՝ ընդգծելով դրա գործունեության նշանակությունը հատկապես Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման և միջհասարակական շփումների առավել ակտիվացման տեսանկյունից։
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի ԱԳ նախարարության, Ռուսթավիի քաղաքապետարանի և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։