«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդու վրա արձակված կրակոցների գործով ձերբակալված է եղել նաեւ Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանի որդին` Արեգ Վաղարշյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, դատարանը Արեգ Վաղարշյանին ազատ է արձակել:
Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ փորձեց պարզել ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանից, ինչին ի պատասխան նա ասաց. «Իմ որդին իրականում այնտեղ ներկա է եղել, ինքը ականատես է, ես բոլոր պետական մարմիններին վստահում եմ, իրենք օբյեկտիվ քննությունը կիրականացնեն եւ դուք օբյեկտիվ ճշմարտությունը կիմանաք»:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցի 38/1 հասցեում կրակոցներ էին հնչել եւ հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության նախկին գնդապետ Վարդան Նադարյանի որդին`35-ամյա Էդուարդ Նադարյանը որի մարմնի վրա առկա էին եղել սուր կտրող-ծակող գործիքով արված 10-ից ավելի հարվածի հետքեր:
Իսկ ահա նշված շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր, ատրճանակ, 2 փամփուշտ։ Իսկ թե ինչ է եղել ոստիկանությա գնդապետի որդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու եւ կրակոցներ արձակելու պատճառը, իրավաահները դեռեւս պարզում են»։