«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2023-ից պաշտոնական մակարդակով հայտարարվում էր, որ զինծառայողները նոր համազգեստ կունենան։ Նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում էր, որ բանակը 2024-ին նոր համազգեստ կունենա, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել: Պապիկյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հոկտեմբերի 31-ի նիստում հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը երեկ հավանության է արժանացրել բանակի հագուստի պայմանագրի կնքման առաջարկը, եւ առաջիկայում այն կկնքվի։ «Մենք պետք է ունենանք դաշտային համազգեստ, տարբեր զորատեսակների համար նախատեսված համազգեստ, ինչպես նաեւ պետք է ունենանք տոնական եւ գրասենյակային համազգեստ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ 2025-ին կունենանք նոր համազգեստ։
Մինչդեռ, մեր տեղեկություններով, բյուջեի նախագծի՝ պաշտպանության ոլորտի գաղտնի քննարկումների ժամանակ մի քանի շաբաթ առաջ հարցը քննարկելիս եկել են եզրահանգման, որ նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին, քանի որ տեղական արտադրողները հանձն չեն առել այդ ծավալի հագուստ կարել, եւ տենդերներին ոչ ոք չի մասնակցել: Արդյունքում, մեր տեղեկություններով, ամերիկյան կազմակերպությունն է շահել մրցույթը։
ՊՆ-ից մեր հարցմանն ի պատասխան չասացին, թե որ ընկերությունն է ընտրվել։ «Խնդրում ենք հիմք ընդունել ՀՀ պաշտպանության նախարարի՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի 31.10.2024թ․ նիստում հայտնած տեղեկությունները:
Դրանից զատ այս պահին որեւէ այլ տեղեկություն չենք կարող հայտնել»,- փոխանցեց ՊՆ խոսնակը։ Վերջին տարիներին բանակում սպայական հանդերձանքի որոշ ապրանքներ, մեր տեղեկություններով, ձեռք են բերվել ամերիկյան «5.11» ընկերությունից, չի բացառվում, որ նույն ընկերությունն է կարելու նաեւ հագուստը։
Դեռ պատերազմից հետո փորձագետները քննարկում էին նոր համազգեստի անհրաժեշտության հարցը՝ նշելով, որ հինն ասոցացվում է պարտության հետ, իսկ նորը լինելու է ՆԱՏՕ-ական ոճով։ Հայկական բանակի համազգեստը վերջին անգամ փոխվել է մոտ 15 տարի առաջ»: