«Հրապարակ. Թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունից հետո ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իրավապահ մարմիններին սկսեց մեղադրել իր երբեմնի տեղակալի դեմ անհիմն քրեական հետապնդում իրականացնելու համար։ Նա նաեւ հայտարարեց, թե բազմիցս հայտնել է, որ ցանկանում է հարցաքննվել ու ցուցմունք տալ, եւ իր հայտնած տեղեկությունները կարող են նախաքննության վրա լույս սփռել, իրականությունը բացահայտել, սակայն իրավապահները «համառորեն» Թորոսյանին չեն հարցաքննում։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ժամանակահատվածում դրա դեմ պայքարի համար պետությունը խոշոր գումարներ էր փոխանցել առողջապահության նախարարությանը, վերջինս էլ՝ քովիդով զբաղվող բուժհաստատություններին՝ տարբեր միջոցառումներ իրականացնելու համար, սակայն Հաշվեքննիչ պալատն ուսումնասիրություններ էր անցկացրել ու անհամապատասխանություններ գտել` պետբյուջեից հատկացված միջոցների եւ իրական ծախսերի միջեւ, ինչը նշանակում է, որ միջոցների մի մասը վատնվել է, յուրացվել։ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա մի քանի քրեական վարույթ կա նախաձեռնված Հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն Արսեն Թորոսյանն այդ վարույթներով դեռեւս որեւէ կարգավիճակ չունի։ Տեղեկություններ են շրջանառվում, սակայն, որ Թորոսյանին շուտով մեղադրանք կառաջադրվի, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նրան անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդությամբ կմտնի Ազգային ժողով։ Մեր տեղեկություններով՝ Թորոսյանին առաջադրվելիք մեղադրանքը կապված է առողջապահության նախարարության գնումների գործընթացի հետ։
Գլխավոր դատախազությունից փորձեցինք ճշտել, թե գլխավոր դատախազը մոտ ապագայում պատրաստվո՞ւմ է նման միջնորդությամբ դիմել խորհրդարանին։ Մեր հարցին ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ «ներկայում նման միջնորդություն դատախազությունում չկա»։ Այս պատասխանից կարող ենք ենթադրել, որ խոսքը վերաբերում է այս պահի դրությանը, իսկ առաջիկայում նման միջնորդություն կլինի, թե` ոչ, դատախազությունը, ըստ էության, դրա հավանականությունը չի բացառում»: