«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նամակ են ուղարկել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ եւ ԵԽ գրասենյակներին՝ հանդիպման եւ որոշ հարցերի քննարկման ակնկալիքներով: Մասնավորապես՝ Հայաստանում ոստիկանական բիրտ գործողությունների, խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու, դատական համակարգը վերահսկելու, կալանավորումների համատարած օգտագործման եւ այլ հարցերով:
«Մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը»։
Տեղեկացանք, որ առայժմ արձագանքել է միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանը, օրերս մի խումբ ընդդիմադիրներ հյուրընկալվել են դեսպանությունում: Մեր տեղեկություններով՝ դեսպան Քրիստինա Քվինն առանձնապես կոշտ գնահատականներ չի հնչեցրել, ասել է, թե մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրենք մեծ ջանքեր են գործադրել եւ շարունակում են գործադրել, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների եւ խաղաղության գործընթացին:
Ընդդիմադիրները խոսել են անհավասար պայմաններում սահմանազատման եւ սահմանագծման անթույլատրելիության մասին եւ հետաքրքրվել, թե ինչու է ԱՄՆ-ն ողջունում այդ գործընթացը, սակայն դեսպանը հասկացրել է, որ եթե երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, կողմ են իրենց սահմանները որոշելուն, իրենց այլ բան չի մնում, քան կողքից դիտել այն: