«Հրապարակ» թերթը գրում է.
«ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած շարժման շրջանակներում այսօր` օգոստոսի 23-ին, տեղի է ունենալու հանրահավաք, եւ Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստ։ Նիստի ժամանակ անկախության ակունքներում գտնվող քաղաքական գործիչները վերահաստատելու են 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի դրույթները: Ըստ Ղազարյանի մտահղացման, այս նիստով եւ հանրահավաքով սկսվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացը, որն ավարտվելու է սեպտեմբերի 21-ին` նրա հրաժարականով:
ԳԽ նիստը կազմակերպելու համար ԳԽ մի խումբ պատգամավորներ անցած շաբաթ մի քանի հանդիպում-քննարկում են անցկացրել:
Հավաքներից մեկին մասնակցել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ, մեր տեղեկություններով, առաջարկել է խորհրդանշական նիստի ժամանակ օրակարգ բերել Արցախի ճանաչման հարցը: Երբ ներկաները զարմացել են, ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի առաջարկն է։ Ուշագրավ է, որ անգամ պատերազմի օրերին այս իշխանություններն ականջալուր չեղան բազմաթիվ հորդորներին եւ Արցախի ճանաչման հարցն օրակարգ չբերեցին։ Կան կասկածներ, որ Փաշինյանը սրանով փորձում է Պուտին-Ալիեւի հետ առաջիկա եռակողմ հանդիպման ժամանակ իր համար մանեւրի դաշտ ապահովել` ցույց տալով, թե իր հեռացումից հետո ովքեր կարող են գալ իշխանության: Գաղտնիք չէ, որ պաշտոնական Մոսկվան հատկապես վերջին շրջանում զայրացած է ՀՀ իշխանությունների վրա՝ Հայաստանում գեներացվող հակառուսական տրամադրությունների պատճառով։ Փաշինյանը թերեւս կօգտագործի այս նախաձեռնությունը՝ մատնացույց անելով Երեւանում ծլարձակած այս նոր նախաձեռնությունը, որն էքստրեմիստական քայլերի է հակված եւ կարող է մի կողմ նետել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ու մինչ օրս ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ պատրաստ են ՌԴ ազդեցության գոտում հայտնված Արցախի անկախության հարց բարձրացնել եւ այլն։
Զրուցել ենք Հովիկ Աղազարյանի հետ։
– Անկախության ճանաչման առաջարկն իմը չէ, ես ընդամենը աշխատանքային մեզ ներկայացված փաստաթղթից հետեւություններ եմ արել եւ, այո, ասել, որ եղեք ազնիվ, ձեր գրածից կարելի է եզրահանգել, որ պահանջում եք Արցախի անկախություն, դա է բխում, եւ, ուրեմն, այդպես էլ գրեք։
– Իսկ ի՞նչ փաստաթուղթ էր, ո՞նց էր դա բխում։
– Դե, որ կարդում էինք այդ փաստաթուղթը, դրան էր հանգեցնում, այդ պատճառով էլ ասացի՝ եկեք ավելի համարձակ գրեք, որ պահանջում եք Արցախի անկախությունը ․․․ Դե, կոնկրետ անգիր չեմ հիշում, բայց կային ձեւակերպումներ, որ այդ մտքին են հանգեցնում։
– Նախապե՞ս էիք ստացել այդ փաստաթուղթը, ծանոթացել, նոր ներկայացել։
– Ոչ, տեղում։
– Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ էիք, ի՞նքն է Ձեզ հուշել, կարծեմ՝ հավաքին ասել եք, որ Փաշինյանի տեսակետն է։
– Ես վարչապետի հետ չեմ քննարկել, ես՝ որպես պարտաճանաչ մարդ, գնացի Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբի հերթական նիստին եւ ընկա դրա մեջ։ Պարզվեց` հանդիպումը նախաձեռնել է Էդգար Ղազարյանը, ինչը ես շատ վատ ընդունեցի, որովհետեւ ո՛չ մանդատ ունի, ո՛չ լիազորություն․․․ ինչի՞ պիտի վարչապետի հետ քննարկեմ։ Ես կարդացի հայտարարության տեքստը, ասացի՝ ուղիղ գրեք, որ իշխանություններից պահանջում եք Արցախի ճանաչում, ոնց որ ընդդիմադիրներին եմ ասում, որ ասում եք՝ սա սենց ա, նա ընենց չի, դե ուղիղ ասեք՝ ճանաչեք Արցախի անկախությունը, թող մարդիկ կողմնորոշվեն, որպեսզի մեր եւ իրենց միջեւ տեսակետներն ընդգծված տարբերվեն, լղոզված ձեւակերպումներով պետք չէ ասել, ուղիղ է պետք ասել։
– Բայց ներկա պահին պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, դիվանագիտությունն էլ նրա համար է, որ ամեն բան ուղիղ չասի, մանեւրի դաշտ ունենա, հատկապես հիմա՝ այս փխրուն ժամանակներում, դուք կարծում եք, որ այդ մասին ուղիղ պահանջ դնելը մեր շահերի՞ց է բխում։
– Բայց այդ մոտեցումն ազնիվ չէ, որովհետեւ շահարկում են: Եթե չեն շահարկում, ապա ուղիղ տեքստով պետք է պահանջեն իշխանություններից Արցախի ճանաչում։ Եթե իրականում պահանջում են, որպեսզի իշխանությունները պահանջեն Արցախի ճանաչում, իսկ իշխանություններն էլ չեն բավարարում ընդդիմադիրների պահանջը, վերջիններս արդեն այդ հարցով դիմում են ժողովրդին։
– Ե՞վ։
– Դե, այդ դեպքում ժողովուրդն է պահանջում, եւ Հովիկ Աղազարյանը գնում է իր գործերով, Էդգար Ղազարյանը ճանաչում է Արցախի՛ անկախությունը, ցույցեր-մույցեր, Ստամբուլ, սաղ հարցերը լուծում է ու իշխանություններին ուղարկում է պատմության աղբանոց։
– Դուք ռիսկերի վրա թքա՞ծ ունեք․․․
– Բա այդ դեպքում լակոտություն անելը ո՞րն է, հայրենասեր ձեւանալը ո՞րն է։
– Դա չի՞ կարելի անել դիվանագիտական ճանապարհներով, թե՞ Դուք ուզում եք աշխարհաքաղաքական կենտրոններին, Ռուսաստանին ցույց տալ, թե ինչ հնազանդ եք դուք` իրենց շահերն եք սպասարկում, եւ պահեք ձեր իշխանությունը։
– Չէ՜, ես ընդդիմադիրներին ընդամենը ասում եմ՝ ազնիվ եղեք, գաղափարը, որ հետապնդում եք՝ Արցախի ճանաչում, ուղիղ գրեք։ Հա՛մ ուզում ես Ռուսաստանին դուր գաս, հա՛մ ըտենց անես… չի լինի այդպես։
– Իսկ ձեր՝ իշխանության համար կարո՞ղ ենք ասել, որ ճանաչումն օրակարգային չէր` ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հիմա։
– Այո, հիմա պատեհ պահը չէ։ Որովհետեւ Արցախի ճանաչումն այսօր կնշանակի հակառակվել մեր ծրագրին՝ խաղաղության հաստատման եւ հարեւանների հետ հարաբերությունների լավացման։ Արցախի անկախությունը ճանաչել՝ նշանակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ, դա նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, իսկ այդ ժամանակ ո՛չ ՀԱՊԿ-ն կարող է խառնվել, ո՛չ ռուսը, իսկ թուրքը կխառնվի, եւ կլինի մեծ պատերազմ։
– Դուք անգամ պատերազմի ժամանակ չգնացիք այդ քայլին, հիմա նոր պատերազմով եք վախեցնում։
– Դե, հա, որովհետեւ մեր գիծն այն է, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային խնդիրներ, պահանջներ չունենք՝ չհաշված սահմանային միջադեպերը, որոնք, համոզված եմ, կլուծվեն, մենք ունենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր»։