Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի զոհված 14 զինծառայողի դիերը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած, մեկինը՝ դռան մուտքի մոտ:
Այս մասին Հանրային եթերում ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը, գրում է News.am-ը։
«Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են երկու տեղամասով: Մեկ տեղամասը, որը փլուզվել էր, որովհետեւ մեքենայով փորձել էին փլուզել պատը, եւ մյուս տեղամասը եղել է այն սենյակի մուտքը, որով հնարավոր է եղել անցնել: Հիմնականում այրվել է նախասրահը, որը գնում էր դեպի քնելու վայր, դրա համար փորձել էին մյուս կողմից փլուզել պատը եւ հասնել զինվորներին: Զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, ենթադրում եմ, որ իրենք ծխահարված են եղել եւ տեղից վեր չեն կացել, իսկ մեկ հոգի էլ եղել է մուտքի մոտ, փորձել է փրկվել, բայց չի կարողացել: Պատի քանդման հետեւանքով փլուզվել էր տանիքը, եւ հողային շերտերը հանելու ընթացքում արդեն փրկարարները հասկացել են, որ բոլորը այրված են»,- նշեց Սարոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:
Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։
Հանրությունը վրդովված է նաեւ նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:
Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։
Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։