Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Շիրակի և Արթիկի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի. հայտնում են Մայր Աթոռից։
Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ մտահոգությամբ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին և ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը։
Հայոց Հայրապետը պատգամեց, որ ներկայիս բարդ ժամանակներում հոգևորականները, առ Աստված նվիրումի և հայրենիքի հանդեպ պարտքի բարձր գիտակցությամբ, շարունակեն նախանձախնդրությամբ իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը՝ առավել արդյունավորելով հավատացելոց հոգևոր խնամքը, զորացնելով աղոթական կյանքը և գոտեպնդելով ժողովրդին հավատով, հույսով ու սիրով։
 
			 
     
			





