Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն քաղաքի քաղաքապետարանը, որն ավելի վաղ հռչակագիր էր ստորագրել Ադրբեջանի Իսմայիլի քաղաքի հետ 2015 թվականին համագործակցության մասին, և որի շրջանակում 2017 թվականին քաղաքը բացել է բանաստեղծուհի Խուրշիդբանու Նաթավանի արձանը և «ադրբեջանական այգին», վերջերս որոշում է կայացրել քաղաքում այս այգու մասին բոլոր հիշատակումները հեռացնել։
Ընդդիմության ներկայացուցիչները քաղաքային խորհրդից պահանջել են պաշտոնապես հեռացնել այգու հետ կապված բոլոր գրությունները։ Նրանց պահանջը թելադրված է եղել միջազգային իրավիճակով, Ադրբեջանի Հայաստանի տարածքի վրա սեպտեմբերյան ագրեսիայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ երկրում իշխում է բռնապետ Իլհամ Ալիևը:
Քաղաքապետ Ժոզիան Լեյը հայտարարել է, որ «ադրբեջանական այգու» մասին բոլոր հիշատակումներն արդեն հեռացվել են․ «Զբոսաշրջային գրասենյակի թղթե քարտեզների վրա պարզապես հիշատակումներ են մնացել։ Երբ ծրագրերը վերամշակվեն, այն այլևս չի լինի։ Մենք նաև խզեցինք բոլոր կապերը նրանց հետ, չնայած դրանք արդեն շատ չէին»։
«Արևմտյան Ադրբեջան» արհեստածին ու ապօրինի կառույցն այսօր քննատական հայտարարություն է արել՝ նշելով, որ Ֆրանսիան պաշտպանում է հայերին, իսկ Ադրբեջանի նկատմամաբ անբարյացակամ է։ Ալիևի հովանավորությամբ ստեղծված այս կառույցը քննադատել է Ֆրանսիային «հակաադրբեջանական քայլի համար»։