Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելը համարում ենք հետընթաց և շատ վատ նախադեպ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Շատ լավ հիշում ենք, որ 4 տարի առաջ՝ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը, լրագրողները ներկա էին և միջոցառման պատշաճ լուսաբանում իրականացրեցին։ Ավելին՝ այն ժամանակ վերացվեցին նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք գործող սահմանափակումները։ Այսինքն՝ նրանք ուզում էին հավատարմագրման գործընթաց նախաձեռնել, նույնիսկ արդեն նախաձեռնել էին։
Մեր կազմակերպությունը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրում չպետք է լինի, և լրագրողները ելումուտը պետք է ազատ լինի, քանի որ իրենք՝ ՏԻՄ-երը պետք է շահագրգռված լինեն հասարակության համար բաց լինել»,- ասաց մեր զրուցակիցը։
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ իր այս քայլով Երևանի նորընտիր քաղաքապետը ցույց է տալիս, որ այնքան էլ տրամադրված չէ պատշաճ համագործակցել լրատվամիջոցների հետ։
«Դրա համար էլ մենք՝ լրագրողական 10 կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտարարությամբ պահանջում ենք, որ նախ քամահրական վերաբերմունքի համար հայցեն լրագրողների ներողամտությունը, և հրապարակային երաշխիքներ տրվեն, որ լրատվամիջոցների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ աշխատանքները պատշաճ կերպով են կազմակերպվելու։
Այսօրվա միջադեպը մենք գնահատում ենք ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ հավաքելու և տարածելու իրավունքի, այլև հասարակության՝ տեղեկացված լինելու իրավունքի խախտում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Վերջինս, կարմիր գորգի վրա դիմավորելով և ներս հրավիրելով հյուրերին, լրագրողների բողոքներին ի պատասխան՝ նշել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են մոտենալ միայն ժամը 12:00-ին, այնուհետև չարձագանքելով լրագրողների հարցադրումներին՝ հեռացել։
Հատկանշական է, որ նախկինում երբևէ լրագրողների մուտքը քաղաքապետարնի շենք չի արգելվել, և ԶԼՄ-ների ներկայացուցիչներն անարգել մուտքի թույլտվություն են ունեցել տվյալ շենք։