Տավուշ համայնքի 29-ամյա բնակիչ Հովսեփ Գյուրջինյանը, չնայած աշխատում է բանկային ոլորտում և մասնագիտությամբ վարկային մասնագետ է, համապատասխան գրականություն ուսումնասիրելուց և ժամանակին շերամապահությամբ զբաղված համագյուղացիների խորհուրդները լսելուց հետո որոշել է հայրենի գյուղում զարկ տալ շերամապահությանը, զբաղվել մետաքսի արտադրությամբ։
«Մեկ տարի առաջ միտք հղացա զբաղվել մի այնպիսի գործով, որով տարածաշրջանում ոչ ոք չի զբաղվում։ ԽՍՀՄ տարիներին Տավուշի մարզում շերամապահությունը շատ զարգացած, բավական եկամտաբեր գործ է եղել։ Որոշեցի շերամապահությամբ զբաղվել։
Սկզբի համար կապեր ստեղծեցի Հայաստանում 2017-2018 թվականներին շերամապահությամբ զբաղվող մարդկանց հետ, մեկ տուփ գրենա ( շերամի թիթեռի ձու, որից ստացվում է թրթուր, ապա բոժոժ, մետաքսահումք՝ խմբ.) գնեցի։ Մեկ տուփից վերջնարդյունքում մոտ 80-90 կգ մետաքս է ստացվում։
Մոտ 3 օր է՝ հասել ենք ցիկլի ավարտին՝ գրենան որդ է դարձել։ 30 օր կերակրել եմ որդերին, դրանից հետո սկսել է որդերի՝ իրենց շուրջը մետաքսի բոժոժ գործելու փուլը։ Որդերը մնում են բոժոժի ներսում։ Գոլորշու վրա եռացնում ենք իրենց, հարսնյակը ներսում սատկում է, բոժոժը հենց այդպես էլ օգտագործվում է»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովսեփ Գյուրջինյանը՝ հավելելով՝ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որպեսզի բոժոժից թիթեռ դուրս գա, որովհետև այդ դեպքում մետաքսի բոժոժն այլևս օգտագործման համար պիտանի չի լինում։
Տավուշցի շերամապահը նշեց՝ առաջին փորձից իրեն հաջողվել է մեկ տուփ գրենայից ստանալ մոտ 70 կգ ամենաբարձր որակի մետաքս, որն էլ իրացրել է կոսմետիկ միջոցներ արտադրող տեղական ընկերությունների վրա։ Սակայն պահանջարկը բավական մեծ է, և ծրագրեր կան հետագա տարիներին նաև արտահանելու արտադրանքը։ Եկամուտը ևս գոհացրել է կյանքում առաջին անգամ այս գործը նախաձեռնած երիտասարդին։
«Բիզնեսն ընդլայնելն անմիջականորեն կապված է նոր թթենիներ տնկելու հետ, որովհետև այդ թրթուրները միայն թթի տերև են ուտում։ Տավուշում թութը շատ լավ է աճում, ես այս տարի ավելի քան 300 նոր թթենի եմ տնկել, աշնանն էլ նախատեսում եմ 1000-ից ավելի տնկել, որպեսզի հաջորդ տարիներին ավելի մեծ ծավալի արտադրանք կարողանանք տալ։ Մեկ տուփ գրենայից 20 հազար հատ որդ ենք ունեցել, և 30 օր նրանց կերակրելու համար մոտ 500-600 կգ տերև է պետք եկել։
Սրան գումարած՝ շերամի որդերը լուրջ խնամք են պահանջում՝ համապատասխան ջերմաստիճան՝ +26 աստիճան, օդի խոնավություն՝ 75 տոկոս։ Նույնիսկ եթե տերևը մի փոքր խոնավ կամ կոշտ լինի, որդերը չեն ուտի, պետք է դրանք նախ չորացնել»,- պատմեց շերամապահը։
Հովսեփ Գյուրջինյանը շեշտեց՝ ընտանիքը հենց սկզբից աջակցել է իրեն, օգնել, որպեսզի նոր նախաձեռնությունը հաջողի։
«Մեր ամբողջ ընտանիքը ներգրավված է այս գործում, անգամ բարեկամ-հարևաններն են օգնել. սա ընտանեկան բիզնես է։ Բայց եթե որևէ մեկը ցանկանա սովորել այս գործը, մենք նախանձ չենք, կսովորեցնենք (ծիծաղում է՝ խմբ.)։ Նույնիսկ ասում եմ՝ եկեք, ասոցիացիա հիմնենք, միասին զբաղվենք շերամապահությամբ։ Ես բոլորին վստահեցնում եմ՝ մետաքսի իրացումը խնդիր չէ, պահանջարկ շատ կա»,- ասաց Հովսեփ Գյուրջինյանը։
Վերջում մեր զրուցակիցը հույս հայտնեց, որ հետագայում իր արտադրած մետաքսը կկիրառվի նաև պաշտպանական ոլորտում՝ հաշվի առնելով, որ մետաքսն օգտագործվում է օդապարիկների, անօդաչու սարքերի և զրահաբաճկոնների արտադրության ոլորտում։ Այդ է պատճառը, որ Հովսեփ Գյուրջինյանը որոշել է դիմել նաև ՀՀ կառավարությանը՝ աջակցելու ընդլայնել շերամապահության ծավալները։