Եթե Կոնսերվատորիայի, Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները միացել են շարժմանը, բնականաբար դա իրենց կամքը և ցանկություն է։ Այժմ կարևոր է, որ նրանք ազատ լինեն իրենց որոշումներում, նրանց նկատմամբ չլինեն ճնշումներ և ուղղորդումներ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Բոլորս էլ գիտենք, որ նմանօրինակ շարժումներում երիտասարդությունը շատ մեծ դերակատարում կարող է ունենալ, ինչպես որ միշտ եղել է»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ նշեց, որ լինելով դասախոս և մոտիկից շփվելով ուսանողության հետ՝ կարող է փաստել՝ երիտասարդների նկատմամբ ճնշումների մասին ազդակներ այս պահին չի ստացել, սակայն չի բացառվում, որ շարժման՝ առավել մեծ թափ հավաքելուց հետո դրան միացած ուսանողների նկատմամբ ամենատարբեր ճնշումներ գործադրեն։
«Այս պահին շարժումը նոր թափ է հավաքում, և շատ բան կախված է, թե ինչ ուղերձներ կհղվեն, ովքեր կհայտնվեն գլխավոր դերում։ Այս ամենը շատ կարևոր է, որովհետև հաճախ հասարակությանը մեղադրում ենք, ասում՝ «Մարդիկ ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս»։ Բայց կա նաև մեդալի հակառակ կողմը. պետք է այնպիսի քայլեր անել, որ մարդիկ դուրս գան։ Շատերը մեղադրում են մարդկանց, ասում՝ «Տեսա՞ք 2018-ին ինչ արեցիք»։ Բայց հիմա էլ նորից ասում են դուրս եկեք փողոց։ Մարդիկ էլ իրենց հերթին մտածում են՝ «Եթե Կոնսերվատորիայի ուսանողները վերջում էլի ես պետք է մեղավոր դուրս գամ, ինչո՞ւ դուրս գամ փողոց։
Այսինքն՝ հասարակությանը չի կարելի մեղադրել, հետո էլ ուզել, որ նույն այդ հասարակությունը դուրս գա փողոց։ Ես շատ մարդ գիտեմ, որ ասում է՝ «Եթե 2018-ին սխալվել եմ, հիմա ինձ վրա են մեղքը գցում, բա որ հետո էլ ինձ վրա գցեն»»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
Վերջում կրթության փորձագետը կրկինշեշտեց՝ շատ կարևոր է, որ ուսանողներն ամեն քայլ անեն իրենց կամքով և գիտակցումով։
«Որպես դասախոս՝ կարող եմ ասել, որ մերուսանողությունը շատ տարբեր ու բազմազան է, և ուսանողության ներսում կան տարբեր մոտեցումներ։ Մեծ մասի մոտեցումը, ցավոք սրտի, այն է, որ իրենք շատ հիասթափված են ամեն ինչից. սա մեր հաարակության մեծագույն խնդիրն է։
Այսինքն՝ ամբողջ հասարակությունը շատ հիասթափված է, ոչ ոքի չի վստահում։ Դրա համար կարևոր է, որ քաղաքական դերակատարների կամ շարժումների ընթացքն այնպիսին լինի, որ մարդկանց մոտ վստահություն առաջանա, վստահություն լինի»,- ամփոփեց Սերոբ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանների 200-ից ավելի ուսանողներ այսօր հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին միացել էին նաև Կոնսերվատորիայի ուսանողները։