Գիշատիչներն ապրել են մոտ 65 մլն տարի առաջ
Ամերիկացի hնէաբանները շնաձկների նոր տեսակ են հայտնաբերել։ «Fossil Record» գիտական ամսագրում հրապարակված աշխատության մեջ նրանք ենթադրել են, որ ձկները օվկիանոսում ապրել են 65 միլիոն տարի առաջ:
Մոտ 100 տարի առաջ ԱՄՆ Ալաբամա նահանգի Ուիլքոքս շրջանում հետազոտողները հայտնաբերել էին հնագույն շնաձկների մի քանի տասնյակ ատամներ։ Ամերիկացի հնէաբանները վերոնշյալ եզրահանգմանը եկել են՝ ուսումնասիրելով հենց այդ՝ 100 տարի առաջ հայտնաբերված, բայց չուսումնասիրված բրածոները։ «Գիշատիչների՝ մոտ մեկ դար առաջ հայտնաբերված ատամները պահվում էին Ալաբամայի Երկրաբանական ծառայության արխիվում։ Բոլորովին վերջերս գիտնականները որոշել են վերլուծել դրանք ու պարզել՝ փոքրիկ, ասեղանման ժանիքներով ատամները չեն պատկանում նախապատմական գիշատիչ ձկների հայտնի տեսակին։ Բրածոները պատկանում են շնաձկների բոլորովին նոր տեսակի, որ ստացել է «Palaeohypotodus bizzocoi» անվանումը»,- գրված է պարբերականում։
Գիտական ամսագրի հոդվածում հնէաբանները նաեւ ենթադրել են․ «Եթե շնաձկները ապրել են մոտ 65 միլիոն տարի առաջ, դա նշանակում է, որ նրանք վերապրել են դինոզավրերին պատուհասած աղետն ու որպես գիշատիչ՝ «առատորեն օգտվել» դրանց լեշերից։
Ս․Վ․