Արդեն երեք օր է, ինչ Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի պտտադռնակներից (турникет) երեքը չեն աշխատում։
Երեք օր անընդմեջ հետևում էի՝ Մետրոպոլիտենի ղեկավարությունը երբ է ի վերջո նորոգելու դրանք, բայց, փաստորեն, սայլը տեղից չի շարժվում։
Ի դեպ, որոշ ժամանակ առաջ նման պատկեր էր նաև Մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանում (հիմա, անկեղծ ասած, չգիտեմ՝ նորոգե՞լ են այդտեղի պտտադռնակները, թե՞ ոչ)։
Հատկապես առավոտյան ու երեկոյան, այսպես ասած, «պիկ» ժամերին, երբ քաղաքացիներն աշխատանքի, այնուհետ՝ աշխատանքից տուն են շտապում, քիչ չէ, որ մի քանի րոպե ստիպված են լինում ժետոն ձեռք բերելու համար հերթ կանգնել (անհասկանալի պատճառներով՝ ժետոնի քարտային համակարգն էլ վերացրին), դեռ մի բան էլ «տուրնիկետից» օգտվելու համար են իրար գլխի հավաքվում, ու երբեմն անգամ իրար հրելով՝ փորձում րոպե առաջ հաղթահարել պտտադռնակի արգելանքն ու շարժասանդուղքին հասնել։
2018-ին իշխանության եկածները, որ պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով գլուխ են գովում, թե ուր որ է Մետրոյի նոր կայարան են շահագործելու, փաստացի, անգամ այսօրինակ «պրիմիտիվ» հարցերը չեն կարողանում լուծել։ Բայց, արի ու տես, որ մեծ-մեծ խոսելու ու անդուլ խոստումներ տալու հարցում ուղղակի վարպետ են։
Սևակ Վարդումյան