Ռուսական ճանաչված և հեղինակավոր պարբերականներից մեկի՝ «Կոմսոմոլսկայա պրավդայի» սանկտպետերբուրգյան մասնաճյուղի ստեղծագործական խումբը վերջերս Հայաստանում էր: Պատվիրակությունը մեր երկիր էր ժամանել պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված բարերար և հասարակական գործիչ, ՙՍանկտ Պետերբուրգի պատվավոր բարերար՚ տիտղոսին արժանացած Հրաչյա Պողոսյանի հրավերով։
«Երկրագնդի վրա չկա որևէ այլ երկիր, որն այնքան լի լինի հրաշքներով, որքան հայերի երկիրը». վկայակոչելով անգլիացի նշանավոր բանաստեղծ, հայ ժողովրդի մեծ բարեկամ և հայագետ Ջորջ Բայրոնի այս խոսքերը՝ ռուսական պարբերականն իր կողմից հավելել է՝ ՙԱնհնար է վիճել անգլիացի բանաստեղծի հետ, քանզի «Կոմսոմոլսկայա պրավդայի» պատվիրակությանը բավական է եղել Հայաստանում մնալ ընդամենը չորս աշխատանքային օր, որպեսզի հաստատի այդ խոսքերը՝ Հայաստանում, իրոք, հրաշքներ կան: Ավելին, այստեղ դրանք մշտական են, ինչպես Արարատ լեռան տեսարանը՚։
Ռուսական պարբերականի ստեղծագործական խումբը չորս օրերի ընթացքում շրջեց Հայաստան աշխարհի բազմաթիվ տեսարժան վայրերով, եղավ շատ ու շատ բնակավայրերում, այդ թվում նաև Հրաչյա Պողոսյանի հայրենի Ագարակ գյուղում և ամենուրեք ականատես եղավ ճանաչված բարերարի, մեծ հայրենասերի և հայ ժողովրդի արժանի զավակի կյանքի կոչած տասնյակ ու տասնյակ բարեգործական ծրագրերին:
«Կոմսոմոլսկայա պրավդայի» ներկայացուցիչները անձամբ համոզվել են, որ Հայաստանում իրենք ասես տանը լինեն, քանի որ, ինչպես նշել են՝ ՙայստեղ իսկապես սիրում են Ռուսաստանը և սպասում են ռուսներին։ Փողոցներում հաճախ կարելի է լսել ռուսերեն խոսք, տեղացիներից շատերը կարողանում են ազատ հաղորդակցվել ռուսերենով՚:
Թերթն անդրադառնալով Հրաչյա Պողոսյան մարդու և բարեգործի կերպարին՝ նշել է, որ Սանկտ Պետերբուրգում նրան շատերն են ճանաչում, իսկ Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը։ Հրաչա Պողոսյանը 400 բարեգործական ծրագիր է իրականացրել աշխարհի տարբեր ծայրերում։ Այդ գործերը բազմազան են, մեկը մյուսից տարբեր, բայց բոլորի շարժիչ ուժը մեկն է, ինչը և բխում է բարերարի հոգուց և սրտից՝ հարգանքը դեպի մեր անցյալի թանկ հիշատակներն ու հիշողությունները, սերը դեպի մարդը: Եվ այս ոգով՝ Պողոսյանը բացել է հուշարձաններ և հուշատախտակներ, կանգնեցրել հուշահամալիրներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին։
«Կոմսոմոլսկայա պրավդան» նաև հավելել է, որ այս տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգոմ հանդիսավորությամբ անցկացված «Լրատվամիջոցների տարվա մարդ» մրցանակաբաշխության ժամանակ Հրաչյա Պողոսյանը հաղթղ է ճանաչվել «Մեր հիշողության հովանավորը» անվանակարգում։
Բազաթիվ անվանի և ճանաչված խմբագիրներ այդ օրն ընդգծեցին, որ եթե քաղաքում, երկրում և աշխարհում Հրաչյա Պողոսանի նման մարդիկ գոնե տասը տոկոսով շատ լինեին, ապա հասարակությունը կապրի ուրախ և երջանիկ։
«Կոմսոմոլսկայա պրավդայի» հրապարակումից նաև տեղեկանում ենք, որ ստեղծագործական խմբի Հայաստան այցելությունը նաև նպատակ ուներ հավաքագրելու բազմաթիվ նյութեր և վավերագրեր՝ Հրաչյա Պողոսյանի գործունեությանը նվիրված առաջիկա գրքի համար, որը պետք է հրատարակվի մինչև տարեվերջ։
«Քո երկրին և հայրենիքին վերաբերվիր այնպես, ինչպես քո տանն ես վերաբերվում»,-պատգամում է Հրաչյա Պողոսյանն իր անունը կրող բարեգործական կայքէջի այցելուներին: Եվ ապա բացատրելով իր ապրած կյանքի և ծավալած գործունեության իմաստը՝ տեղեկացնում է. ՙԲոլոր ողջամիտ մարդիկ, անկախ իրենց համոզմունքներից, հասկանում են, որ մեր կյանքում շատ բան անարդարացիորեն մոռացվել է: Եվ իմ նպատակն է մարդկանց օգտակար լինել այն ժամանակահատվածում, որը ինձ ի վերուստ տրված է լինել այս երկրի վրա: Մենք ապրում ենք մեկ անգամ և պետք է կապ ստեղծենք անցյալի, ներկայի և ապագայի միջև, որպեսզի մեր հետնորդները տեսնեն և գնահատեն մեր գործերը և էստաֆետը փոխանցեն հաջորդ սերունդներին»:
Եվ հենց այս հավատամքով էլ ապրում և արարում է մեր հայրենակիցը:
Օգոստոսի 11-ին լրանում է ՀՐԱՉՅԱ ՄԻՍԱԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ծննդյան 53-րդ ամյակը:
Մարդու կյանքում տարեդարձը, տոն լինելուց բացի, նաև մտորելու, ապրած ժամանակահատվածը հետադարձ հայացքով ծանրութեթև անելու, կատարվածը արժևորելու և հանրագումարի բերելու պատեհ առիթ է:
Հրաչյա Պողոսյանը հարգանքի և մեծագույն գնահատանքի արժանի սիրելի անձնավորություն է հազարավոր մարդկանց համար, նա այսօր հայտնի է Հայաստանում, Ռուսաստանում և աշխարհի բազմաթիվ անկյուններում: Մարդ, ում անունն առաջին հերթին առնչվում է չափազանց Աստվածահաճո և դրվատելի մի առաքելության՝ բարեգործության հետ:
Նա արդեն երկար տարիներ հայտնի է իր բարեգործական նշանակալի գործունեությամբ: Բարեգործությունը Հրաչյա Պողոսյանի համար ոչ թե ցուցամոլություն է, այլ՝ հավատամք, քրիստոնեական կենցաղավարության ու բարեպաշտության դրսևորում, և այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգևած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով, մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկությամբ, քանզի գիտակցում է՝ երջանկությունը հարուստ լինելու և շատ ունենալու մեջ չէ, այլ` աշխարհին, քո շրջապատի մարդկանց և պատմությանը շատ տալու:
Հրաչյա Պողոսյանի սերը հայկականության եւ հայկական մասունքների հանդեպ, նրա անցած ուղին հայրենասիրության, աշխատասիրության եւ պարտաճանաչության փայլուն օրինակ կարող է ծառայել երիտասարդ սերնդին, նա ամենուր իրեն դրսեւորում է որպես բանիմաց եւ պատասխանատու մարդ, նրա բոլոր ձեռնարկումները ուղղված են մեկ նպատակի՝ հանուն Հայրենիքի հզորացման եւ բարգավաճման:
Հանրության ջերմ սերն ու հարգանքը վայելող բարերարի և իր անունը կրող բարեգործական հիմնադրամի կողմից երկար տարիների ընթացքում իրականություն դարձած գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին և իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու առաջնորդ Կիրիլի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի օրհնությամբ:
Պողոսյանի սրաթռիչ մտքի արգասիք, զարմանք հարուցող ու երբեմն անհավատալի և հիացմունքի արժանի գործունեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում և Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները:
Անցնող տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի և նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ամբողջ աշխարհում ստեղծվել և վերականգնվել են ավելի քան 400 հոգևոր, մշակութային և պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, իրականացվել և կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և իրադարձություններին նվիրված 150-ից ավելի հուշարձաններ և նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Հրաչյա Պողոսյանի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր և ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք և ուսուցողական վավերագրական ֆիլմեր:
Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 14 երկիր: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումը՝ արել է սիրով ու նվիրումով և հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, որը նա կյանքի է կոչել իր անունը կրող հիմնադրամի գումարներով:
Հրաչյա Պողոսյանը սփյուռքի մեր այն արժանապատիվ հայրենակիցներից է, ով արդեն երեք տասնամյակից ավելի ապրելով և աշխատելով Հայրենիքից հեռու՝ ոչ միայն նշանակալի ձեռքբերումների է հասել ու բարձր է պահում հայի և Հայաստանի անունը, այլ նաև հոգով ու սրտով հայրենիքի հետ է: Մեծ եռանդի, աշխատասիրության և նույնքան մեծ սրտի տեր այս մարդու հայացքն ու մի ոտքը միշտ Հայաստանում է՝ պատրաստ գործուն աջակցություն ցուցաբերելու Հայրենիքին, ինչը նա արել և անում է երկար տարիներ:
Վերը հիշատակած շուրջ 400 բարեգործական ծրագրերից, որոնք Հրաչյա Պողոսյանն իրականացրել է 14 երկրում, ավելի քանի 100-ն առնչվում են հայկական մշակույթին, որոնք իրականացվել են Հայաստանում և Հայաստանից դուրս: Դրանք հուշարձաններ են, գրքեր, ֆիլմեր և մեր պատմությանն ու մշակույթին վերաբերվող բազմաթիվ այլ ուշագրավ գործեր:
«Իմ ամեն մի մտահղացման, յուրաքանչյուր նախագծի մեջ կարևորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի հաջողությունն անհնարին է». ահա սա է ճանաչված բարերարի հաջողության գաղտնիքն ու հավատամքը, որին հավատարիմ՝ նա երկար տարիներ ուրախության պահեր է պարգևել հազարավոր մարդկանց և կենդանացրել բազմաթիվ աներևակայելի, մեկը մյուսից գունեղ երազանքներ:
Իր բազմաթիվ ֆանտաստիկ ու աներևակայելի բարեգործական մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակիցին Սանկտ Պետերբուրգում այսպես են բնորոշում. «Պետերբուրգը հարուստ է տաղանդավոր մարդկանցով: Ոչ թե ամպագորգոռ բառերով, այլ կոնկրետ գործերով, մարդկանց հանդեպ մարդկային վերաբերմունքով Հրաչյա Պողոսյանը ցույց է տալիս, թե ինչպես պետք է ապրել, սիրել հայրենիքը և մեր քաղաքը, որին մենք ծառայում ենք: Մենք հպարտ ենք, որ մեր քաղաքում ապրում են նրա նման մարդիկ»:
Ես համոզված եմ, որ Հրաչյա Պողոսյանին այս նույն ձևով ընդունում են նաև Հայաստանում և գնահատանքի համանման խոսքեր հնչել և դեռ էլի կհնչեն իր հայրենանվեր գործերին ծանոթ բազմահազար հայրենակիցների շուրթերից:
Ծննդյան տարեդարձի կապակցությամբ իմ և մեր խմբագրակազմի անունից ի սրտե ողջունում եմ հայ ժողովրդի արժանի զավակներից մեկին, իր գործի նվիրյալին և բարերարին:
Ստեղծագործական նորանոր մտահղացումներ ու եռանդ ենք ցանկանում մեր հայրենակցին:
Թող սերն անվերջ ավելանա Ձեր գեղեցիկ ու հայեցի ընտանիքում, թող Ձեր բարի ժպիտն ու ներկայությունը չպակասի Ձեր սիրելիներից ու աշխարհից…