Ես Բաքվում ականատես եմ եղել հայերի ցեղասպանությանը և հստակ կարող եմ ասել, որ պատերազմից ավելի վատ բան էլ կա՝ հենց ցեղասխանությունը, երբ մարդն ուղղակի չի կարողանում պաշտպանվել ոճրագործներից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի թեմային։
«Բայց Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն առ այսօր չի դատապարտվել, ինչն էլ բերել է Արցախում այսօր տեղի ունեցող իրադարձություններին։ Ցավոք սրտի, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբաթի դեպքերն Արցախում ցեղասպանություն չճանաչվեցին։
Այն տարիներին Ադրբեջանում մի խումբ կար՝ իբրև թե ազգային պաշտպանության ուժ, որը պատրաստվում էր մտնել Արցախ, բայց հետո որոշեցին, որ Բաքվում և Սումգայիթում բնակվող հայերի բնակարաններն ավելի թանկ են, և անպաշտպան մարդկանց հենց այդ քաղաքներում ցեղասպանեցին։ Արցախում դա չի ստացվել՝ առայժմ, բայց ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշելով Բաքվի Լենինի հրապարակում 80-ականների ավարտին տեղի ունեցած հանրահավաքները, որտեղ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն անձամբ էր հայերին սպանելու կոչեր հնչեցնում, ասում, որ դա սրբազան պատերազմ է։
Գրիգորի Այվազյանի համոզմամբ՝ Ադրբեջանն այսօր հայերի նոր ցեղասպանություն է նախագծում. ապացույցն այպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» կազմավորման հեռահար նպատակն է, որն ուղիղ սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ժողովրդին։
«Բայց ամենաահավորն այն է, որ հայկական կողմից սրան որևէ հակազդեցություն չկա, ավելին՝ այս օրերին ականատես եղանք, թե ինչպես Արցախի Հանրապետության նախագահն աշխատանքից ազատեց արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Մյուս կողմից, ՀՀ արտգործնախարարը ոչ վաղ անցյալում անձամբ մեկնեց Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի զոհերի կապակցությամբ, բայց այսօր նույն այդ նախարարը չի գնացել Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ դնելու Սումգայիթի զոհերի հուշարձանին։ Այստեղից ամեն ինչ ավելի քան հասկանալի է դառնում»,- ասաց Գրիգորի Այվազյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է ՀՀ արտգործնախարարությունը Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի առնչությամբ բավական մեղմ տոներով հաղորդագրություն տարածում, իսկ ահա Իրանում ՀՀ դեսպանությունը դեպքերը ներկայացնում է կոնկրետ թվերով և ծանրակշիռ փաստերով, ադրբեջանագետը պատասխանեց՝ հարցի հասցեատերը ՀՀ վարչապետն է։
Ըստ Այվազյանի՝ հենց Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել՝ ինչու է այսքան ոչ արդյւոնավետ աշխատում ՀՀ արտաքին գերատեսչությունը, և ինչո՞ւ է Հայաստանը նման թույլ արտաքին քաղաքականություն վարում։