Հայկական բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակը լինելու մասին խոսակցությունները միֆ չեն եղել, այլ՝ զուտ իրականություն, որովհետև 2020 թվականին հենց այդ բանակը 44 օր դիմակայեց թուրք-ադրբեջանական, ինչու ոչ՝ իսրայելական տանդեմին՝ կարողանալով պատվով կատարել իր առջև դրված խնդիրները, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի բովով անցած բոլոր բանակներին բնորոշ է լուրջ կորուստներ ունենալը, սակայն միաժամանակ պետք է բնորոշ լինի նաև վերակազմավորվելու մղումը։
«Հայկական բանակը պետք է նոր չափորոշիչներով առաջնորդվի։ Այդ առումով մենք բավական շատ աշխատելու տեղ ունենք՝ ինչպես կադրային, այնպես էլ սպառազինության առումներով։ Թող կարծիք չստեղծվի, թե այսօր հարցը լուծում են միայն հեռահար հրթիռները, ոչ։ Հարցը լուծում են նաև բարձր տեխնոլոգիաները, և մենք շեշտը պետք է դնենք հենց դրա վրա»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռազմական փորձագետը միաժամանակ կարևորեց սպայական կազմի գերժամանակակից կրթություն ստանալու անհրաժեշտությունը՝ հետագայում տեղական կադրերով զինվորական փայլուն սերունդ կրթելու համար։
Հարցին՝ պետության կողմից տեսնո՞ւմ է բանակը վերազինելու, որակյալ կադրերով համալրելու քայլեր, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց՝ սպառազինության մասով գործուն քայլեր չի տեսնում, մինչդեռ որակյալ կադրերի մասով որոշակի տեղաշարժ նկատելի է։
«Սպառազինության մասով դեռևս ոչինչ չի արվում։ Միայն այն փաստը, որ բյուջեից բանակի համար նախատեսված գումարն ամբողջությամբ չի ծախսվում, բավական է դատողություններ անելու։ Սա մատուցվում է որպես շատ լավ բան, մինչդեռ դա մեր թերացումն է։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի բանակի համար հատկացված ամենավերջին լուման իսկ արդյունավետ ծախսվի»,- ասաց ռազմական փորձագետը։