Այսօր Լիզբոն 5-ի հիշատակի օրն է: 1983 թվականի հուլիսի 27-ին Հայ հեղափոխական բանակի հինգ անդամներ` Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը և Սարգիս Աբրահամյանը, մտել են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն, այսպիսով իրենց պահանջատիրությունն արտահայտելով աշխարհին:
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից հայտնում են, որ այսօր ժամը 13։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Լիզբոն 5-ի սուրբ նահատակներին։
1983 թվականի հուլիսի 27-ին հայ հինգ երիտասարդները ժամանում են Պորտուգալիայում թուրքական դեսպանատան մոտ՝ երկու ամբողջովին պայթուցիկներով լցված մեքենաներով։ Երիտասարդները նախօրոք ծրագրել էին գրավել դեսպանատան շենքը, գերեվարել թուրք դեսպանին՝ այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։ Սակայն հայ վրիժառուներին չի հաջողվում մտնել դեսպանատան շենք։ Շենք ներխուժելու փորձի ժամանակ սկսված փոխհրաձգության ժամանակ սպանվում է Սիմոն Յահնիյանը։
Ողջ մնացած 4 հայ երիտասարդները շտապում են դեսպանության շենքին հարակից դեսպանի նստավայր, ներխուժում շենք և գերեվարում շենքում գտնվող գործերի հավատարմատարի կնոջը և տղային։ Այն սենյակը, որտեղ պահվում էին գերիները, գրոհայինները շրջապատում են պայթուցիկներով։ Նրանք սպառնում էին պայթեցնել շենքը, եթե ոստիկանությունը փորձի գրոհել այն։
Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Պորտուգալիայի կառավարությունը վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։
Նախքան հատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շենքում հրդեհ է բռնկվում։ Ապա լսվում են պայթյունի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո պայթեցնում են իրենց։
Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց Հայ Հեղափոխական Բանակը (ՀՀԲ)։ ՀՀԲ-ի կողմից ստորագրված ԶԼՄ-ներին ուղարկված տպագիր հաղորդագրության մեջ ասվում էր.
«Իմացեք` մենք ինչ ենք անում։ Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել։ Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ փլատակների տակ։ Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին։ Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ։ Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժողովրդի իրավունքները։ Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը։ Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է։ Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»։
Տղաների մարմինները ամփոփվել են Բեյրութի հայկական գերեզմանատանը։