ՀՀ իշխանությունը, 2018 թվականից սկսած, ձեռքերը քշտել-հարձակվել է բանակի և զինվորականների վրա. որևէ օրենք, օրենքի տառ, Սահմանադրություն, կարգ-կանոն չկա. սրանք ամեն ինչի վրա թքած ունեն՝ սկսած բարոյական կարմիր գծերից մինչև օրենք-օրենսդրություն, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ՝ անդրադառնալով բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման փաստին։
Ըստ Մանուկյանի՝ միանշանակ է, որ բանակը կազմալուծելու պրոցես է ընթանում։
«Ոտնձգությունն ակնհայտ էր նաև Գրիգորի Խաչատուրովի հոր՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Մի ամբողջ հետաքննություն է պահանջվելու՝ բոլոր հետևողական գործողությունները բացահայտելու համար, որոնց «փառապսակը» ՊՆ-ի պաշտոնական կայքում 44-օրյա պատերազմից հետո «Արցախյան ազատամարտ» բաժնի ջնջելն է։
Երկու տարի է՝ նախարարից մինչև ստորին օղակ՝ բոլորին հարցնում եմ՝ ի՞նչ պատճառով, ասում են՝ իբր տեխնիկական։ Այն ողբերգությանն են հասել, որ Պաշտպանության նախարարությունը երկու տարի չի կարողանում վերականգնել «Արցախյան ազատամարտ» բաժինը։
Թող Սասուն Միքայելյանը գնա, սրա մասին մտածի և ոչ թե պոռոտախոսի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը։
Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է:
Գեներալի մեղադրանքն առնչվում է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին:
Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար, դրանցից մեկը գրավադրել է բանկում և գումար ստացել։