Լեղապարկի խնդիրներից խուսափելու և վիրահատության չհասնելու համար կարելի է դիմել դիետայի և ճիշտ սննդակարգի օգնությանը:
Ավելորդ քաշի դեպքում բարձր է լինում լեղապարկի քարերի առաջացման հավանականությունը, ուստի հարկավոր է կազմել ճիշտ սննդակարգ՝ ավելորդ քաշից ազատվելու և առողջական վիճակը բարելավելու համար:
Հարկավոր է օգտագործել հնարավորինս շատ թարմ մրգեր ու բանջարեղեն: Նման դիետան կօգնի դանդաղ, բայց հաստատուն ազատվել ավելորդ քաշից՝ ի տարբերությունը տարածված դիետաների, որոնք ծանրաբեռնում են լեղապարկը: Բացի այդ, մրգերում ու բանջարեղենում պարունակվող հակաօքսիդանտներն օգնում են ամրապնդել իմունային համակարգը և պահպանել լեղապարկի առողջությունը: Շատ օգտակար են լոլիկը, բուլղարական պղպեղը, դդումը, կեռասն ու հապալասը:
Ձիթապտղի, կտավատի յուղեր
Գիտնականները ենթադրում են, որ ձիթայուղի մեջ պարունակվող մոնոչհագեցած ճարպերն ու կտավատի սերմերի մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են նվազեցնել լեղապարքի քարերի առաջացման հավանակությունը: Առհասարակ հասարակ բուսայուղի փոխարեն ձիթայուղ կամ կտավատի յուղ օգտագործելը միայն դրական ազդեցություն կունենա օրգանիզմի վրա:
Ձկան յուղ
Ձկան յուղը շատ օգտակար է տրիգլիցերիդների բարձր մակարդակի դեպքում և ապահովում է օրգանիզմը հակաբարբոքային օմեգա-3 ճարպաթթուներով: Բացի այդ, այն նաև հեշտացնում է լեղապարկի դատարկման գործընթացը, ինչը նպաստում է դրա աշխատանքի բարելավմանը:
Երկաթով հարուստ մթերք
Երկաթի պակասը բարձրացնում է լեղապարկի պիգմենտային քարերի առաջացման հավանականությունը: Ամեն օր ամբողջական հացահատիկ, մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն ու ծովային բանջարեղեն օգտագործելով կարելի է կանխել օրգանիզմում կարմիր մսին՝ երկաթի հարուստ աղբյուրին հատուկ խոլեստերինի կուտակումները:
Մանրաթելերով հարուստ մթերք
Մանրաթելերով հարուստ սննդամթերքը նվազեցնում է լեղաքարային հիվանդության հավանականությունը: Մանրաթելերն օգնում են մարսողական համակարգի աշխատանքին և իջեցնում են խոլեստերինի մակարդակը: Հարկավոր է ուտել հնարավորինս շատ ամբողջական հացահատիկից պատրաստված սննդամթերք, ոսպ, լոբի, բրոկոլի, բրյուսելյան կաղամբ, արտիճուկ և այլն:
Ընկուզեղեն
Լեղապարկի համար շատ առողջարար են նաև ընկույզները: Գետնանուշը, նուշը և հունական ընկույզը հիանալի սննդարար ու առողջարար մթերք են: Բացի այդ, շատ արդյունավետ է նաև ընկույզների յուղը:
Քրքում
Քրքումն ակտիվ օգնական է լյարդի ճիշտ գործունեությունն ապահովելու համար: Այն օժտված է հեպատոպրոթեկտիվ ու հակաօքսիդանտային ազդեցությամբ, ինչը նույնպես անչափ օգտակար է օրգանիզմի համար: Սակայն հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ այն ջրիկացնում է արյունը և կարող է վտանգավոր լինել արյունը ջրիկացնող դեղամիջոցներ օգտագործող հիվանդների համար: Նման դեպքերում այն կարելի է օգտագործել որպես համեմունք, սակայն նախապես բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Կոֆեին
Այս մթերքի դեպքում մասնագետների կարծիքները չեն համընկնում: Ոմանք կարծում են, որ սուրճն ու կեֆեինը նվազեցնում են լեղապարկում քարերի առաջացման հավանականությունը, իսկ ոմանք համաձայն չեն այդ մտքի հետ: Մի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոֆեինով սուրճը կանխում է լեղաքարային հիվանդության ախտանշանների առաջացումը, իսկ հաջորդ տարի մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ կոֆեինի գործածությունը նպաստում է միջին տարիքի տղամարդկանց մոտ լեղաքարային հիվանդության առաջացմանը:
Ամեն դեպքում կոֆեինը չի կարելի չարաշահել: Հարկավոր է նվազեցնել սուրճի գործածությունը մինչև օրական երկու բաժակի՝ հաշվի առնելով կոֆեինի օրական թույլատրելի չափաբաժինը (400մգ): Հարկ է հիշել, որ կոֆեինի մեծ չափաբաժինն առաջացնում է անքնություն ու անհանգստության զգացում: Բացի այդ, այն կարող է փոխազդեցության մեջ մտնել դեղամիջոցների հետ: