Ոնց բոլորն, այնպես էլ մենք. թափառում ենք, ժամանակավոր այստեղ-այնտեղ ապրում։ Վարձով տուն ենք փնտրում, ոչ մի հարց չի լուծվում. աշխատավարձ չկա, թոշակներ չկա, ոչինչ չկա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը, ով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած ավելի քան 100 հազար հայերից միայն մեկն է։
Ստեփանակերտցի կնոջ խոսքով՝ այս պահի դրությամբ իրենք պետությունից միայն 100 հազարական դրամ նպաստներն են ստացել, սակայն տեղյակ է, որ արցախցի շատ ընտանիքների նույնիսկ այդ միավագ գումարը չի հատկացվել։
«Ընդհանուր վիճակը վատ է, բայց շնորհակալ եմ ժողովրդին։ Ինչ կարողացել են, մարդիկ արել են, ապրեն։ Ոչինչ էլի, որ բողոքեմ՝ ի՞նչ օգուտ»,- ասաց Հասմիկ Միքայելյանը։
Հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ են ընտանիքով հանգրվանել՝ Երևանում, թե մարզերում։
«Դրախտում ենք ապրում… հիվանդանոցում՝ ավելի կոնկրետ բժիշկների սենյակում։ Վարձ չենք տալիս,Դավիթաշենում ենք։ Բժիշկների համար նախատեսված սենյակ է, որտեղ բժիշկը քնում է, արթնանում և գնում վիրահատության։ Ծանոթ մարդիկ մեզ այդտեղ են տեղ տվել, լավություն են արել։ Ես ու ամուսինս այդ պայմաններում ենք ապրում։
Մնացածը՝ ով որտեղ կարողացել է։ Ամեն մեկն ինչպես կարողանում է, այդպես էլ գլուխ է պահում»,- նշեց մեր զրուցակիցը։
«Մայրություն» ՀԿ-ի նախագահը խոր կսկիծով տեղեկացրեց, որ Արցախից բռնի տեղահանությանը նախորդած ադրբեջանական մեկօրյա ռազմական գործողությունների ընթացքում կորցրել է առաջնագծում մարտնչող թոռնիկին։
«Երկու թոռնիկներիցս մեկը զոհվել է՝ հենց ինձ մոտ ապրողը։ Ինքը երկու պատերազմում հերոսի նման կռվել է, բայց այս անգամ…
Հիմա իր ծնողները Երևանում են։ Հայրը՝ իմ որդին, գնդապետ է, Գլխավոր շտաբում է ծառայում։ Ինքն էլ է Ջրականում կռվել, փրկվել, թոռնիկներս էլ են փրկվել, բայց մի թոռնիկս այս անգամ չփրկվեց… ողբերգություն է»,- ամփոփեց Հասմիկ Միքայելյանը։