Այս տարի գրիպի վիրուսը բավական ակտիվ է, եւ դա նկատելի է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ տարածաշրջանում ու եվրոպական երկրներում: Այս մասին, այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք տեսնում ենք, որ կովիդի համավարակով պայմանավորված՝ գրիպը բավական ճնշված վիճակում էր, հիմա արդեն նորից վերադառնում է ակտիվ փուլ: Մենք ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք սեկվենավորում՝ հասկանալու համար, թե գրիպի որ շտամն է շրջանառվում:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենց H1N1-ի շրջանառություն ունենք: Գրիպի այս տեսակը բավական ծանր է ընթանում խրոնիկ հիվանդություններով մարդկանց, երեխաների, հղիների մոտ: Հորդորում եմ օր չկորցնել, գնալ պատվաստվել»,- Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Սուր շնչառական հիվանդությունները, նաև գրիպը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում բավականին ակտիվացել է։ Նախարարը հայտնել է, որ հանրակրթական դպրոցների մուտքի մոտ բուժքույրերը չափելու են աշակերտների ջերմությունը, հետևելու են հաճախելիության ցուցանիշներին, եթե բացակաները մեծ թիվ կազմեն, կդիմեն այլ գործողությունների։