Արցախի հողին կանգնած մնալով՝ մեր երիտասարդները իրենց գործով, խոսքով ու նոր մտածողությամբ հարթում են առաջընթացի ճանապարհը. ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը եւ գրառմանը կից տեսանյութ հրապարակել Արցախի երիտասարդների կամավոր աշխատանքներից:
«Ցանկացած ծանր իրավիճակում համախմբվածությունն ու հանրային համերաշխությունը նոր, գուցե չիրացված հնարավորություններ է բացում մեր հավաքական նպատակների կենսագործման համար: Արցախի հողին կանգնած մնալով՝ մեր երիտասարդները իրենց գործով, խոսքով ու նոր մտածողությամբ հարթում են առաջընթացի ճանապարհը:
Ուղիղ երեք ամիս չունենալով կապ Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ, ունենալով բազմաթիվ դժվարություններ՝ մեր երիտասարդները, ուսանողները, հասարակության ակտիվ հատվածը չի կորցնում տոկունությունը: Ցուցիչը՝ նաև հասարակական աշխատանքում ակտիվ ներգրավվածությունն է, որն առանձնանում է կազմակերպվածությամբ ու նվիրումով: Բեռնաթափումից, տեսակավորումից մինչև փաթեթավորում, յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքը կատարում է գերազանց՝ իմ նախաձեռնությունը դարձնելով կայացած: Նույն պատրաստակամությամբ ինքս բաց եմ երիտասարդների նմանօրինակ նախաձեռնությունների համար»,- գրել է նա: