Այս պահին Ստեփանակերտում կրակոցներ չկան, նկուղներից բարձրացել, տանն ենք մնացել։ Իրերն ենք հավաքում, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի «Մայրություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Միքայելյանը։
«Այս պահին լավ ենք, փառք Աստծո։ Ողջ ենք, բայց՝ փշերի վրա։ Այսօր Ստեփանակերտում խաղաղ է, Եվլախում պայմանավորվել են, որ կրակոցներ չլինեն։ Սպասում ենք, թե ինչ են որոշելու։
Ասում են՝ Փաշինյան «սիրելին» չի թողնում, որ Հայաստանում ընդունեն արցախցիներին։ Վարչապետ կոչեցյալին ասեք, որ իր անունը պատմության մեջ սև տառերով է գնացել՝ հերիք չէ, գոնե հիմա խիղճ ունենա։
Ես երեկ Ստեփանակերտի օդանավակայանում տեսել եմ այնտեղ հավաքված արցախցիներին. Սիրիայի, աֆրիկյան երկրների պատմությունն աչքիս առաջ է եկել, ինչ որ կինոներում ենք միայն տեսել։ Ահավոր վիճակ է։ Մենք սրան արժանի չենք, ամեն ինչի դիմացել ենք։ Մեր մեղքը չէ, որ մի բուռ մարդ ենք՝ առանց զենքի։
Այս պահի դրույթամբ անգամ թոռներիս տեղը չգիտենք. երկուսն էլ առաջնագծում են, չգիտենք՝ ողջ են, թե զոհված»,- ամփոփեց Հասմիկ Միքայելյանը։
Հիշեցնենք, որ այսօր Եվլախ քաղաքում կայացել են Արցախի Հանրապետության պատվիրակության և Ադրեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։
Նշվում է, որ բանակցություններում քննարկվել է արցախահայերի վերաինտեգրման հարցը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։