Ակադեմիական քաղաքն ընդամենը բեռնաթափելու է Երևանի կենտրոնը, թեթևացնելու է երթևեկությունը և օգնելու է բուհերի ազատված շենքերը, որպես հյուրանոցներ և բիզնես կենտրոններ, վարձակալության հանձնել կամ վաճառել գործարարներին։ Այսինքն՝ ծրագիրը ծառայելու է մայրաքաղաքի՝ բացառապես Կենտրոն վարչական շրջանի որոշակի բեռնաթափմանը, բայց այս անգամ էլ խցանումները տեղափոխվելու են 17-րդ թաղամաս։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատմանը։
«Հատկապես 3-4-րդ կուրսերում ուսանողների մեծ մասը դասերի հաշվին աշխատում է, և եթե Ակադեմիական քաղաքը կառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարակից տարածքում, նրանց բացակայությունների թիվն ավելի է մեծանալու։ Պատճառը բուհերի և աշխատավայրերի հեռավորությունն է։ Եթե ուսանողները Կենտրոնում կարողանում են քիչ թե շատ համատեղել ուսումը և աշխատանքը, համալսարանները Երևանի կենտրոնից հեռացնելով՝ ավելի ենք նպաստելու դասերից բացակայություններին։Երկրորդ խնդիրն այն է, որ ուսանողների մեծ մասը բուհական կրթություն ստանալու համար գիտելիքների անհրաժեշտ պաշար չի ունենում։ Ակադեմիական քաղաքն այս հարցը ևս չի լուծելու»,- ասաց կրթության փորձագետը։
Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ Ակադեմիական քաղաքը բուն կրթական խնդիրներ չի լուծելու. Կրթական խնդիրներն, ըստ մեր զրուցակցի, կարելի է լուծել նաև բուհերի՝ այսօրվա շենքային պայմաններում։ Ասվածի վառ օրինակն աշխարհի 15 լավագույն համալսարաններից մեկի՝ Չիկագոյի համալսարանի օրինակն է, որը շենքային պայմանները մի քանի անգամ ավելի համեստ են հայաստանյան բուհերի պայմաններից։«Մենք Ակադեմիական քաղաքը հենց հիմա էլ ունենք. Երևանի կենտրոնը, Երիտասարդական մետրոյի շրջակայքը հենց ակադեմիական քաղաքն են։ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների մեծ մասն էլ Բաղրամյան պողոտայում են, Կենտրոնում, այսինքն՝ կրկին մոտ են ուսանողական կառույցներին։
Կրկնում եմ, հենց այս պահին մենք ունենք ակադեմիական քաղաք, հետևաբար համալսարանական շենքերի հարց լուծելը մեզ համար առաջնահերթություն չէ։ Դրա համար ես այս ծրագրի հետ մեծ հույսեր չեմ կապում։ Չգիեմ նույնիսկ՝ կարողանալո՞ւ ենք այդքան մեծ ներդրումներ անել, հսկայածավալ շինարարություն իրականացնել։Ենթադրում եմ՝ ԿԳՄՍՆ-ը այստեղից-այնտեղից պետք է վարկեր վերցնի, միջազգային կազմակերպություններին խնդրի աջակցել իրեն, մինչդեռ դրա փոխարեն կարելի էր իմ մատնանշած երկու խնդրի լուծմամբ զբաղվել, և մնացածն ինքնըստինքյան կլուծվեր»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Կրթության փորձագետը նաև կեսկատակ հավելեց՝ ամենևին այնպես չէ, որ պրոֆեսորադասախոսական կազմը նորակառույց Ակադեմիական քաղաքում ավելի լավ է դասախոսելու, քան շենքային հին պայմաններում։
«Գումարած այս ամենին՝ կրճատումներ են լինելու, շատերն աշխատանք են կորցնելու, անհարմարություններ են ստեղծվելու։ Քանի որ Հայաստանն աղքատ պետություն է, բուհերի՝ Կենտրոնում գտնվելը կրթությունը շատերի համար դարձնում է մատչելի, բայց հիմա, երբ համալսարանները քաղաքի կենտրոնից հեռացվեն, շատերի համար դա խնդիր է հարուցելու, տրանսպորտային ծախսերն են ավելանալու»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ Ակադեմիական քաղաքը կկառուցվի Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում։ Այն պատրաստ կլինի 2030 թվականին, կտեղավորի մինչև 16 բուհ և մոտ 44 հազար բնակչություն։