Երեկ Բերձորի միջանցքում արցախցի երեխաների նկատմամբ վերաբերմունքը հերթական անգամ ցույց տվեց ադրբեջանցիների իրական դեմքը։ Այն, որ Ադրբեջանում հայի կերպարը ներկայացված է այնպես, որ նրան պետք է սպանել, խոշտանգել և այլն, նորություն չէ. նման դաստիրակություն ադրբեջանցիները ստանում են դեռ մանկապարտեզից և դպրոցից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Բոլորովին պատահական չեն հայ գերիների նկատմամբ նրանց վայրագությունները, գնդակահարությունները, հայ կնոջ խոշտանգումն ու քառահատումը։ Այս նույն համատեքստում պետք է դիտարկել նաև տուն վերադարձող արցախցի երեխաների նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքը։
Սա ցույց է տալիս, որ ադրբեջանցիների հետ այսպես կոչված խաղաղության դարաշրջանը նշանակում է վիզը դնել ադրբեջանական յաթաղանի կամ բայրաքթարի տակ։ Նրանք չեն թաքցնում հայկական էթնոսի նկատմամբ ատելությունը և հայ ժողովրդին կոտորելու ցանկությունը»,- նշեց իրավապաշտպանը։
Իշխանյանի համոզմամբ՝ սրան հակադրվելու միակ ձևն ուժեղ ինքնապաշտպանություն կազմակերպելն է։
«Խաղաղություն պետք է լինի միայն ինքնապաշտպանությամբ, արժանապատվությամբ։ Հակառակ դեպքում ոչ թե խաղաղություն, այլ ցեղասպանություն կստանանք»,- ասաց մեր զրուցակիցը։
Ավետիք Իշխանյանը միաժամանակ համոզմունք հայտնեց՝ Հայաստանում անպայման կգտնվեն օղակներ, որոնք արցախցի երեխաների իրավունքների ոտնահարման հարցով կդիմեն միջազգային կառույցներին, սակայն դրանից մեծ օգուտ չի լինի. այդ կազմակերպություններն, ամենայն հավանականությամբ, կբավարարվեն միայն Ադրբեջանի հասցեին քննադատություններով, ոչ ավելին։
«Լուրջ որևէ քայլ, պատժամիջոց և այլն չի կիրառվի. դա հաստատ»,- ասաց իրավապաշտպանը։
Հիշեցնենք՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքի շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս Հայաստանում մնացած 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով երեկ վերադարձել է տուն։
Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։Շուշի-Քարին տակ հատվածում մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։
Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։