Հունվարի 20-ին կայացել է շվեդական Flamman թերթի կողմից հայտարարված մրցույթը, որին մասնակցել է աշխարհի 100 երկրի շուրջ 400 ծաղրանկարիչ։ Թեման եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ինչպես Azg.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Ազգ» շաբաթաթերթի ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը՝ Toto-ն, ինքը, ցավոք, շատ ուշ է իմացել մրցույթի մասին և հենց Էրդողանի ծաղրանկար չի կարողացել ուղարկել, սակայն փոխարենն ուղարկել է իր հին գործերից մի քանիսը։
«Շվեդական թերթը հաղթողին խոստացել էր 1000 եվրո մրցանակ։ Սա շվեդական կողմի պատասխանն էր Թուրքիային։ Սա ակցիա էր, որի ձևաչափը, ցավոք սրտի, մենք չենք օգտագործում։ Մենք էլ կարող ենք որևէ դեպքի վերաբերյալ մրցույթ հայտարարել, և շատ-շատերը կմասնակցեն։ Ես համոզված եմ։
1915 թվականին նշում էինք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և կազմակերպեցինք «Պանդորայի արկղը» խորագրով մրցույթը, որին 2000-ից ավելի գործեր էին ուղարկել, այդ թվում՝ Թուրքիայից։ Այնտեղ իմ գործերից մեկն էր՝ 6 մետրանոց բաների վրա, կոչվում էր «Սատուրնը խժռում է իր որդուն»։ Սա Գոյայի գործերից է՝ ներշնչված հռոմեական դիցաբանությունից։
Նմանատիպ մի ծաղրանկար էլ շահել է շվեդական Flamman թերթի կողմից հայտարարված մրցույթում։ Հաղթած ծաղրանկարում Էրդողանը խժռում է իր զավակներին, այս դեպքում՝ Թուրքիայում բնակվող քրդերին»,- ասաց Սուքիաս Թորոսյանը։
Հայ ծաղրանկարիչը թեև չի մասնակցել Շվեդիայում կայացած մրցույթին, սակայն չի ափսոսում, քանի որ եթե անգամ մասնակցեր և հաղթեր, ոչ առանձնապես կուրախանար, ոչ էլ կտխրեր։ Տոտոն ավելի շուտ մտահոգ է, քանի որ հասկանում է՝ եթե Շվեդիան Թուրքիայի հետ վերջին շրջանում քաղաքական հակասություններ չունենար, դժվար թե Էրդողանի ծաղրանկարների մրցույթ հայտարարեր։
Սուքիաս Թորոսյանի կարծիքով՝ այս մրցույթն էլ ավելի հանրահռչակեց Թուրքիայի նախագահին։
«Մինչև որևէ մեկը նեղը չի ընկնում, հարցեր չի բարձրացնում։ Շվեդիան խնդիր ունեցավ Թուրքիայի հետ, ասաց՝ եկեք Էրդողանի ծաղրանկարներ անենք։ 20 տարի է՝ նկարում ենք թուրքական թեմայով, բայց հենց իրենց է վերաբերում, խառնվում են իրար։ Սա շատ պրիմիտիվ է, խորքային չէ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Ստոկհոլմի և Անկարայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Շվեդիայում բնակվող քրդերը բողոքի ակցիա կազմակերպեցին՝ Թուրքիայի նախագահին պատկերող խրտվիլակը գլխիվայր կախելով շվեդական մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սյուներից մեկից։
Դրանից հետո թուրքական իշխանությունները չեղարկել էին Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Յոնսոնի՝ հունվարի 27-ին ծրագրված այցն Անկարա։
«Մենք տեսանք, որ շվեդական իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին Թուրքիայի և նրա նախագահի դեմ ուղղված թշնամական և զզվելի ակցիաներին։ Նման իրավիճակում Շվեդիայի Պաշտպանության նախարար Պալ Յոնսոնի այցը իմաստազուրկ է դառնում և այլևս որևէ կարևորություն չունի։ Այդ իսկ պատճառով մենք չեղարկեցինք այցը», – հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը։