Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակվող խատումների մասին.
Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը՝ այն սահմանելով այսօր մինչև ժամը 14:00:
Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին 11.04.2026թ-ի որոշման դեմ նույն օրը դատախազին ներկայացված բողոքիս պատասխանը»:
Դավիթ Մինասյանին կալանքից ազատելու պահանջով հանրային նախաձեռնությունները շարունակվում են։
Այսօրվանից մի խումբ սրտացավ կանայք, մայրեր նստացույց են իրականացնում գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ծաղկազարդի գործով» կալանավորված 18-ամյա Դավիթի ազատության պահանջով։
Նստացույցն իրականացվելու է հերթափոխի սկզբունքով՝ ամեն օր մինչև ժամը 20:00-ը։
Եթե դուք ևս գտնում եք, որ Դավիթի կալանքը բացարձակ անթույլատրելի է, կարող եք այցելել, համերաշխություն հայտնել, գուցե նաև՝ հերթափոխով մասնակցել նստացույցին։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել հանրային ակտիվ բարեգործական ծրագրեր իրականացնող գործիչներ Աննա Հովհաննիսյանը և Անաիս Սարդարյանը։ Նրանք Դավիթ Մինասյանին ազատ արձակելու խնդրանք-պահանջի հանրագիր են ներկայացրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։








