Այս պահին Քննչական կոմիտեի դիմաց ենք, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալության վերաբերյալ շատ մանրամասներ չգիտենք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա միաժամանակ նշեց, որ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյան շարունակում է գտնվել Քննչական կոմիտեի շենքում է և առայժմ դուրս չի եկել՝ մանրամասներ հայտնելու իրենց։
«Ներսում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ օրենքով սահմանված կարգով տեսակցելու Արմեն Աշոտյանին։ Նա ևս դեռ դուրս չի եկել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Այլ մանրամասներ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամը չհայտնեց։
Հիշեցնենք, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ավելի վաղ հայտնել էր՝ ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։