Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը. հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Առաջին քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաև՝ անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ (երկու դրվագ)։
Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաև չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:
ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: