Մենք շարունակում ենք օգտագործել «գերի» կամ «ռազմագերի» տերմինները, սակայն Բաքվում պահվող ազգությամբ հայերը գերիներ կամ ռազմագերիներ չեն. նրանք քաղաքացիներ են, որոնք գտնվում են կալանքի տակ, այնպես, ինչպես, օրինակ, Հայաստանում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, գտնվում են կալանավորներ։ Մենք նրանց գերիներ կամ ռազմագերիներ չենք անվանում. նրանք անձինք են, որոնց դեմ հարուցվել են քրեական գործեր, «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Դա ադրբեջանցիների թեզն է, որ մենք առաջ ենք տանում. տերմինները պետք է ճիշտ ընտրել։ Երկրորդ, սխալ է նաև Ադրբեջանի այդ տերմինը՝ «ռազմաքաղաքական ղեկավարություն». դրանով Ադրբեջանն առաջ է տանում այն նարատիվը, որ քաղաքական ղեկավարությունը ռազմատենչ քաղաքականություն է վարել։ Սա, իհարկե, ադրբեջանցիների մասին է, ոչ թե մեր։
Ուստի մենք պետք է ասենք, որ ԳՇ-ի և երկրի առաջնորդների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք դեռ դատարան պետք է մտնեն։ Դատարանում արդեն ադրբեջանցիները պետք է լուրջ քննություն հանձնեն, որովհետև նրանք մոռացել են՝ ինչ են նշանակում արդար դատավարության էլեմենտները։ Մենք պետք է տեսնենք, որ փաստաբանները նրանց կողքին նստած են, ոչ թե ապակու հետևն են նստած, մենք պետք է տեսնենք, որ նրանք կարողանում են հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Բայց վստահ եմ, որ այդ ամնեը չի լինի, որովհետև եթե այդ ամենը եղավ, դատավարությունը վերահսկողությունից դուրս կգա։
Ուստի Ադրբեջանն ինչ-որ տեղ ռիսկի է գնում, երբ նման քայլի է դիմում, բայց ուզի-չուզի՝ պետք է այդ դատավարությունն իրականացնի»,- ասաց Արա Ղազարյանը։
Բանախոսն ընդգծեց՝ այս փուլում հայկական կողմը որևէ միջամտություն չի կարող անել, քանի որ մարդկանց դատելն Ադրբեջանի սուվերեն իրավունքն է, և որքան ինքը գիտի՝ Բաքվի բանտերում պահվող հայ կալանավորների հարազատները չեն դիմել որևէ դատական ատյանի։
«Եթե դիմած լիեին, առնվազն կալանքով վաղուց արդեն արագացված ընթացակարգով այդ գործերը կոմունիկացված կլինեին, որովհետև Ադրբեջանի քրդատն ինքնին չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին. կալանքն Ադրբեջանում 4 ամսով է տրվում, մինչդեռ երկար տարիներ կա հանձնարարական, որ կալանքի մաքսիմալ ժամկետը պետք է լինի 2 ամիս։
Զարմանալի է, բայց նաև կարելի է հասկանալ՝ ինչն է պատճառը, որ հարազատները չեն դիմել։ Միայն Ռուբեն Վարդանյանի խոշտանգման լուրերից հետո, կարծում եմ, ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, որպեսզի միջազգային գործընթացներ չսկսվեն»,- նշեց Արա Ղազարյանը։