Դատարանը հրապարակել է վճիռը․ Արմեն Սմբատյանը ևս կալանավորվեց 2 ամսով։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Azg.am-ը, հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել ՌԴ-ում և Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի և նրա որդու՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գործով դատական նիստը։
Գիշերը՝ ժամը 3։15-ին, դատավորը հրապարակեց վճիռը՝ Սերգեյ Սմբատյանին կալանավորել 2 ամսով։
Այնուհետև ընթացել է Արմեն Սմբատյանի գործով դատական նիստը, և դատավորն ավելի ուշ է հրապարակել նույն վճիռը՝ Արմեն Սմբատյանին ևս կալանավերել 2 ամսով։
Ինչպես հուլիսի 29-ին հայտնել են դատախազությունից, հայր և որդի Սմբատյանները մեղադրվում են խարդախության մեջ։
«Քրեական վարույթով պարզվել է, որ արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ն, վերջինիս որդի, դիրիժոր Ս.Ս.-ն և գործարար Ա.Պ.-ն 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:
Մասնավորապես՝ Ա.Ս.-ն իր որդի Ս.Ս.-ի անվամբ գործարարական գործունեություն չծավալելու պատրվակով, իր ազգական Հ.Ա.-ին համոզել է Ս.Ս.-ի համար հիմնադրել «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը, ինչից հետո Հ.Ա.-ն և 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ի մտերիմ Գ.Դ.-ն 2012 թվականի փետրվարի 17-ին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը: Հիմնադրումից 4 օր անց՝ 2012 թվականի փետրվարի 21-ին, Ընկերության տնօրեն Ն.Կ.-ի կողմից Երևանի քաղաքապետին է ներկայացվել ներդրումային ծրագիր, որով առաջարկվել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար «Սոխոսենթր» ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Ընկերությունը պարտավորվել է 800 մլն դրամ ներդրումային ծավալ ունեցող «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև 102 մլն դրամի լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի պայմանները բարելավելու նպատակով:
Երևանի քաղաքապետը եզրակացություն ստանալու համար ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ին է հասցեագրել առաջարկված ներդրումային ծրագիրը, որին ի պատասխան՝ Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ:
Նշված ծրագրին իր համաձայնությունն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Մ.Կ.-ի, որն իր հերթին հանդիսացել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրը:
Արդյունքում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 1052-Ա որոշմամբ, հաստատվել է վերոնշյալ ծրագիրը: Կառավարության որոշման 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ մշակույթի նախարար Հ.Պ.-ն լիազորվել է հողամասի ու կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր (որպես գրավի առարկա նախատեսվել է Կողբացի 36 հասցեում գտնվող 300 քմ մակերեսով հողամասը և 35.3 քմ մակերեսով կաթսայատունը` մինչև նշված աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնելը)»,-նշված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև՝ Գիշերվա ժամը 3։15-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանին 2 ամսով կալանավորելու վճիռ կայացվեց