ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական այսօրվա նիստը կրկին հետաձգվեց:
Նշենք, որ դիզվառելիքի գործով առանցքային վկա Սևակ Քոչարյանը, ում ցուցմունքի հիման վրա է հարուցվել քրեական գործը, վերջին 4 դատական նիստերին չէր ներկայացել: Սևակ Քոչարյանի հարցաքննությունը ավարտած չլինելու պատճառով, դատարանը չի կարող այլ վկաների հարցաքննել:
Azg.am-ի թղթակցի փոխանղմամբ՝ թեև Սևակ Քոչարյանն այսօր դատարան էր եկել, սակայն նրա հարցաքննությունը կրկին տեղի չունեցավ. լուծված չէ նրա լսողական սարքի խնդիրը:
Նշենք, որ նախկինում ևս վկա Քաչարյանի հարցաքննությունը կիսատ էր մնացել նրա մոտ առկա լսողական խնդիրների պատճառով: Դատարանը ստիպված հետաձգել էր նիստը՝ ժամանակ տալով, որ վկան կարողանա կարգավորել խնդիրը:
Դատավորի հարցին՝ կա՞ն արդյոք բժշկական փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ վկան լսողական խնդիրներ ունի, և ի՞նչ աստիճանի են դրանք: Վկայի պատասխանը դրական էր:
«Ինչո՞ւ հետամուտ չեք եղել Ձեր ծանուցումը ստանալուն։ Անկախ նրանից՝ նիստը կայացել է, թե ոչ, Դուք պարտավոր եք ներկայանալ նիստին։ Ծանուցագրերը վերադարձվել են՝ չպահանջված նշումով, ինչո՞ւ հետամուտ չեք եղել։ Հարկադրանքի միջոց կիրառելու որոշում էր կայացվել, ոստիկանության ծառայողները եկել են Ձեր տուն, տանը չէիք, ինչու՞ կապ չեք հաստատել դատարանի հետ»,- դիմելով Սևակ Քոչարյանին՝ ասաց դատավոր Վահե Միսակյանը:
Դատարանը հաջորդ նիստը նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին նշանակեց:
Նշենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի, մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: