Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Արմեն Ասլամազյանը։
44-ամյա Արմենը 17 տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության։ Նախքան Քարվաճառի հանձնումը նա ծառայում էր Օմարում։ Մասնակցել էր ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։
«44-օրյա պատերազմից հետո դիմում գրեց և դուրս եկավ Զինված ուժերից։ Իր վրա շատ ծանր ազդեցություն էր ունեցել մեր զինվորների կորուստը։ Բայց կարճ ժամանակ անց Արմենը նորից վերադարձավ, իրենն էր զինվորականի կյանքը, չէր կարող հրաժարվել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Ասլամազյանի հորաքույրը՝ Մարգարիտա Դավթյանը։
Զինված ուժեր վերադառնալուց հետո Արմենը ծառայությունը շարունակել է Ջերմուկում։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ի լուսադեմին Արմենի դիրքը պահելու համար շատ թեժ ու երկար մարտեր են ընթացել։ Ի վերջո, 16 հոգուց կազմված գումարտակը շրջափակման մեջ է ընկել։ Արմենը և տղաները որոշել են պայթեցնել իրենց՝ իրենց հետ տանելով նաև թշնամու 400 հոգանոց ջոկատի մեծ մասին։ Տղաների կյանքի գնով դիրքը մեր վերահսկողության տակ է մնացել։ Արմենը միշտ ասում էր՝ զինվորը գերի չպետք է ընկնի։ Ելք միշտ կա։ Եթե զգում ես, որ այլ այլևս հնարավոր չէ թշնամու դեմ պայքարել, քեզ պետք է պայթեցնես»,- նշեց Մարգարիտա Դավթյանը։
Արմենն ամուսնացած էր, ուներ երկու որդի։ Ավագ որդին, որպես ժամկետային զինծառայող, ևս մասնակցել էր 44-օրյա պատերազմին։ Կրտսերը որպես ժամկետային զինծառայող ծառայում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ ևս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։