23-ամյա կամավոր Աժդահակ Կիրակոսյանը զոհվել է Շուշիի մատույցներում՝ ապահովելով մարտընկերների նահանջը եւ չլքելով վիրավոր հրամանատարին ։
Նոյեմբերի 3-ին իր 23-ամյակը նշելուց անմիջապես հետո նա ընդգրկվել էր արագ արձագանքման խմբի մեջ ու 24 հոգով մեկնել էին հատուկ գործողության։
«Կամավոր, դուխով տղաների են հավաքել, որոնք կմասնակցեն հատուկ գործողության, ինքը նույնպես ցանկություն է հայտնել գնալու։ Հետի տղաները պատմում են, որ նույնիսկ իրեն ասել են՝ ո՞ւր ես գնում, գնացողները սպեցնազ են, ասել ա՝ ինձ սենց չնայեք, ես նիհար եմ, բայց արճիճ ա ամբողջ մկաններս։ Այդպես մոտեցել են մի երկու տեղ տղաներին օգնության, երրորդ ուղղությունը կարծես ծուղակ է եղել, որովհետեւ տղաների ասելով շուրջ 200 թուրք է եղել։ Դա եղել է Շուշիից Լաչին 7-րդ կմ վրա։ Թուրքերը կրակ են բացել այդ երեք մեքենաների վրա, տղաները իջել են ու մարտ են վարել։ Հետո ինքը մյուսներին ասել է՝ ես կրակը կպահեմ, դուք նահանջեք, ու ինքը մնացել է, իրեն ասել են՝ արի, բայց ինքը չի գնացել, մնացել է ծնկներից վիրավոր իր հրամանատարի կողքին»,- NEWS.am-ին պատմեց զովածի քույրը՝ Անժելա Կիրակոսյանը՝ նշելով, որ իր եղբոր զոհվելու եւ մյուսների վիրավորվելու մեջ տեսնում է հրամանատարության մեղավորությունը․ «Պետք է ստուգեին ճանապարհը, նոր ուղարկեին հատուկ գործողության»։
Աժդահակը վիրավոր է եղել, երբ մյուսները նահանջել են։ Ընտանիքին հասած տեղեկություններով՝ այդ վիճակում կռվել է մինչեւ նոյեմբերի 4-ի առավոտյան։ Նրա մարմինը Կարմիր խաչի միջոցով կարողացել են դուրս բերել նոյեմբերի 14-ին, հուղարկավորել են նոյեմբերի 17-ին Եռաբլուրում։
Աժդահակը պատերազմի առաջին օրերին էր կամավորագրվել։ Մի քանի օր որպես վարորդ աշխատանքներ կատարելուց հետո կրկին դիմել է ՊՆ, որպես հրաձիգ անցել կարճատեւ պատրաստություն եւ մեկնել Արցախ։
«Ինքն ամեն օր զանգում էր զինկոմիսարիատ, պնդում էր, որ իրեն կանչեն։ Իրեն չէին կանչելու նաեւ, քանի որ հայրս ու մայրս տարիքով են, վատառողջ են, նրանց պետք է խնամեր, բայց ինքը շատ պնդեց։ Ասում էր՝ ես չեմ կարողանում մարդկանց աչքերի մեջ նայեմ, ինքը կոնկրետ հայրենասեր էր։ Համենայն դեպս, մենք հպարտ ենք իրենով։ Շատ կռվող, պայքարող, նվիրված, ազգային արաժանապատվություն ունեցող։ Ինքն ասում էր՝ ես չեմ նստելու տունը, որ թուրքը գա ձեր բուկը կտրի, որ լինեմ լավ ախպեր կամ լավ տղա»,- նշեց զոհվածի քույրը։
Աժդահակը Երեւանից էր, սովորում էր Մանկավարժական համալսարանում՝ նկարչական բաժնում, երգում էր, նվագում։
News.am