Թուրքիայի ուլտրաաջ նախագահը, ով Իսրայելը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ եւ սպառնացել «ազատագրել» Երուսաղեմը իսրայելական հսկողությունից, շարունակում է Եվրոպայի հասցեին իր սպառնալիքները եւ ելույթները: Մեկ շաբաթ է անցել այն բանից ի վեր, ինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պսեվդո-ճգնաժամ է սադրել Ֆրանսիայի հետ, որպեսզի շեղի ուշադրությունը թուրքական արժույթի անկումից՝ Ֆրանսիային մեղադրելով «իսլամը վիրավորելու» մեջ, գրում է Սեթ Ֆրանցմանը Jerusalem Post-ում:
«Այդ շատ առումներով մտացածին ճգնաժամը տեղի ունեցավ Ֆրանսիայում ծայրահեղականի կողմից ուսուցչի սպանության պատճառով: Ֆրանսիան հրաժեշտ տվեց ուսուցչին՝ որպես հերոսի, եւ դրանից հետո Թուրքիան որոշեց կառչել այդ ողբերգությունից ու հարձակվել Ֆրանսիայի վրա:
Սա մեկն է ճգնաժամների շարքից, որոնք Թուրքիան ստեղծել է վերջին ամիսներին: Թուրքիան քրդերի էթնիկ զտումներ է իրականացրել Սիրիայի հյուսիսում 2018 եւ 2019 թվականներին, ապա սիրիացի փախստականների վարձել Լիբիայում պայքարի համար, որպեսզի Անկարան կարողանա էներգամատակարարման իրավունք ստանալ: Թուրքիան ռուսական Ս-400 համալիրներ է գնել՝ վատթարացնելով կապերը ՆԱՏՕ-ի գծով դաշնակից ԱՄՆ-ի հետ, վերջին ամիսներին սպառնացել է ֆրանսիական ռազմանավերին, Ս-400-ներ կիրառել հունական F-16-երին հետեւելու համար եւ սպառնացել Հունաստանին: Այժմ էլ լարվածություն է փորձում ստեղծել Եվրոպայի հետ հարաբերություններում, քանի որ Էրդողանին ամեն շաբաթ ճգնաժամներ են պետք, որպեսզի իր կառավարությունը քննադատության չենթարկվի տնտեսությունը սխալ կառավարելու համար:
Թուրքիան փորձում է Սաուդյան Արաբիայից եւ Եգիպտոսից խլել իսլամի «պաշտպանի» կոչումը, եւ այդ պատճառով ստեղծել է ճգնաժամը, որպեսզի «խաչակրաց արշավանք» սադրի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Դա կարող է Եվրոպայում ծայրահեղականություն սադրել եւ բռնկել ահաբեկչության կրակը: Թուրքիայի ռեժիմը պնդում է, որ Եվրոպայում «մարգարեի նկատմամբ անարգանք» է տարածվում: Փաստացի տվյալներ չկան, որ դա այդպես է:
Թուրքիայի ուլտրաաջ ԶԼՄ-ները Ֆրանսիայում ուսուցչի սպանությունը ներկայացրել են որպես «վրեժ»: Anadolu պետական գործակալությունը գրել է, որ Թուրքիան վրեժ է համարում ուսուցչի գլխատումը: Բացի այդ, Թուրքիան հանցագործություն կամ ահաբեկչական ակտ չի համարում գլխատումը:
Թուրքիան նաեւ թիրախավորել է ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը, որն արդեն երկու ահաբեկչական հարձակման զոհ է դարձել: Թուրքիայի ռեժիմը հետաքննություն է սկսել՝ կապված ամսագրի կողմից Թուրքիայի նախագահին «վիրավորելու» եւ նրա ծաղրանկարը հրապարակելու հետ: Թուրքիայի ռեժիմը հաճախ վիրավորում է երկրների եւ նախագահների, սպառնում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենին, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հոգեկան հիվանդ անվանում:
Ֆրանսիական ամսագրի նկատմամբ Թուրքիայի սադրանքները հիշեցնում են 5-ամյա վաղեմության սարդանքները, որոնք հանգեցրեցին ամսագրի վրա ահաբեկչական հարձակման: Անկարայում հայտարարել են, որ եվրոպական ԶԼՄ-ները չեն կարող թաքնվել խոսքի ազատության քողի ներքո: Սակայն Թուրքիան աջակցում է նույն վիրավորանքներին ու ծաղրանկարներին՝ Իսրայելը համեմատելով նացիստների հետ, այն դեպքում, երբ Անկարան հայտարարում է, որ իր ղեկավարությանը չի կարելի վիրավորել: Թուրքիայում շատերին բանտարկում են սոցցանցերում իշխող կուսակցությանը ծաղրելու համար:
Պարզ չէ, թե երբ Անկարան կփոխի իր ռազմավարությունն ու նոր ճգնաժամների ու հարձակումների կանցնի Սիրիայում, Հունաստանում, Իրաքում, Հայաստանում, Լիբիայում, Իսրայելում, ԱՄԷ-ում, Եգիպտոսում կամ այլ երկրներում, որոնց հետ թուրքական ռեժիմը ճգնաժամներ է ստեղծել վերջին 6 ամսում:
Սովորաբար Թուրքիայի նախագահը նոր ճգնաժամ է ստեղծում ամեն շաբաթ, երբ թուրքական լիրան հասնում է նոր նվազագույնի:
Թուրքիան այս շաբաթ առաջարկել է նաեւ բաժանել Կիպրոսը, ինչը կարող է եւս մեկ կոնֆլիկտ ստեղծել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ: Դա կարող է լինել հաջորդ նպատակը, երբ «ծաղրանակերների» ճգնաժամը հոգնեցնի Անկարային:
Թուրքիան եւս մեկ պատերազմ է ստեղծել իր հարեւանությամբ՝ Ադրբեջանին հրահրելով հարձակվել հայկական ուժերի վրա վիճելի շրջանում: Արդյունքում հազարավոր մարդիկ են զոհվել, իսկ Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկել Հայաստանի դեմ պատերազմում կռվելու համար՝ հույս ունենալով, որ կազատվի նրանց բողոքներից ՝ կապված նրա հետ, որ Անկարան նրանց թողել է Իդլիբում ռուսական ավիահարվածների համար: Այս շաբաթ ավիահարվածների հետեւանքով մի քանի սիրիացի է զոհվել, եւ Անկարան լռություն է պահպանել, այդ մահերը «չեն վիրավորել կրոնը», Անկարայի համար ծաղրանկարներն ավելի վիրավորական են, քան մարդկային զոհերը»: